21:23  ,  2 հոկտեմբերի, 2015

Յուրի Ջորկաեֆ. Իմ երակներում հոսում է հայկական արյուն, կցանկանայի մի օր գլխավորել Հայաստանի հավաքականը (ֆոտո)

Հայաստանն իմ նախնիների երկիրն է: Իմ երակներում հոսում է հայկական արյուն: Իհարկե, կցանկանայի մի օր գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:

Այս մասին ասել է Ֆրանսիայի հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը Երեւանում կայացած բարեգործական ֆուտբոլային հանդիպումից հետո, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Մեծ կարեւորություն եմ տալիս այպիսի միջոցառումներին, եւ ինքս մասնակցում եմ բարեգործական հանդիպումների կազմակերպման: Ամեն տարի կազմակերպում եմ միջոցառումներ Նյու Յորքում, իսկ հասույթը հատկացվում է բարեգործական հիմնադրամին:

Հայաստանի ազգային հավաքականը լավ թիմ է: Ափսոս, որ մեր թիմը վատ սկսեց Եվրո-2016-ի ընտրական մրցաշարը: Սակայն կայուն, քրտնաջան աշխատանքի եւ Հայաստանում մարզումների համար ստեղծված պայմանների շնորհիվ ապագայում կլինեն հաջողությունները: Կարեւոր է, որ շատ երեխաներ զբաղվեն սպորտով, իսկ հետագայում երկիրը պատվով ներկայացնեն միջազգային ասպարեզում:

Հայաստանն իմ նախնիների երկիրն է: Իմ երակներում հոսում է հայկական արյուն: Իհարկե, կցանկանայի մի օր գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը: Ամբողջ կարիերայիս ընթացքում խաղացել եմ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստների հետ: Նրանցից լավագույնն, անկասկած, եղել է բրազիլացի Ռոնալդոն:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին՝ ջերմ ընդունելության համար: Ուրախ եմ լինել այստեղ: Շնորհակալ եմ մեծ ուշադրության համար: Վաղը կմասնակցեմ կիսամարաթոնին, որին մասնակցելու համար ինձ հրավիրել է Ռոբերտ Էմմիյանը»,- նշել է Յուրի Ջորկաեֆը:

Հիշեցնենք, որ Երեւանի կիսամարաթոնն առաջին անգամ կանցկացվի հոկտեմբերի 3-ին, մեկնարկը՝ ժամը 9-ին է: Հոկտեմբերի 2-ին «Փյունիկ» ակումբի մարզադաշտում կայացած բարեգործական խաղում հանդիպել էին լրագրողների Հայաստանի հավաքականն ու ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի թիմը, որի կազմում հանդես եկավ ֆրանսահայ ֆուտբոլիստը: Գրանցվեց 1:1 հաշիվը, իսկ Յուրի Ջորկաեֆը Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի պես մասնակցեց միայն երկրորդ խաղակեսին, որը տեւեց 20 րոպե:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում