00:55  ,  31 հուլիսի, 2015

Եվրոպայի լիգա. «Բորուսիան» հաղթանակ տարավ, Հենրիխ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլից մեկնարկած Դորտմունդի «Բորուսիան» արտագնա հանդիպում անցկացրեց ավստրիական «Վոլֆսբերգերի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: Միակ գնդակը 14-րդ րոպեին խփեց 23-ամյա գերմանացի կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը: Գոլային փոխանցումը կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դորտմունդյան թիմի մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը:

Առաջատարների մասնակցությամբ մյուս հանդիպումներում Բիլբաոյի «Աթլետիկը» 2:0 հաշվով հաղթեց Բաքվի «Ինտերին», անգլիական «Վեստ Հեմը» 2:2 հաշվով խաղաց ռումինական «Աստրայի» հետ, անգլիական «Սաութհեմփթոնը» 3:0 հաշվով ուժեղ էր հոլանդական «Վիտեսից», իտալական «Սամպդորիան» 0:4 հաշվով պարտվեց սերբական «Վոյվոդինային»:

Երեւանի «Ալաշկերտին» պայքարից դուրս թողած Ղազախստանի «Կայրաթը» տանը 2:1 հաշվով հաղթեց շոտլանդական «Աբերդինին», Գյումրիի «Շիրակի» արգելքը հաղթահարած շվեդական ԱԻԿ-ը սեփական խաղադաշտում 1:3 հաշվով պարտվեց հունական «Ատրոմիտոսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով