13:48  ,  18 հուլիսի, 2015

Չավի. Ինձ զայրացրեց «Ռեալի» զուսպ հրաժեշտը Կասիլյասին

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Չավիին տխրեցրել եւ զայրացրել է Մադրիդի «Ռեալի» զուսպ հրաժեշտը դարպասապահ Իկեր Կասիլյասին:

«Տհաճ նստվածք թողեց Կասիլյասի հեռանալը «Ռեալից»: Ես նամակ գրեցի՝ շարադրելով իմ կարծիքը: Նա արժանի չէր այդպիսի սառը հրաժեշտի: Իկերն արժանի էր ավելիին: Նրանք, իհարկե, հարգանքով արեցին ամեն ինչ, բայց Կասիլյասը տխուր տեսք ուներ եւ ճնշված էր: Ես նույնպես տխրել էի: Նույնիսկ, զայրացրեց այդպիսի զուսպ հրաժեշտը ակումբի լեգենդներից մեկին: Անցած տարի նույնը կարող էր ինձ հետ տեղի ունենալ, բայց մենք նվաճեցինք տիտղոսներ, եւ ես հեռացա ամենալավ ձեւով: «Ռեալն» այս տարի ոչինչ չնվաճեց, բայց Կասիլյասն արժանի էր ավելիին»,- Քաթարի «Ալ Սադում» հանդես եկող Չավիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Պորտու» տեղափոխված Կասիլյասը «Ռեալի» գլխավոր թիմում էր 1998 թվականից: Չավին ու Կասիլյասն Իսպանիայի հավաքականում դարձել են աշխարհի գավաթակիր ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Երեք մրցաշարերում էլ Կասիլյասը եղել է Իսպանիայի հավաքականի ավագը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում