00:38  ,  14 մայիսի, 2015

Չեմպիոնների լիգա. Եզրափակիչում՝ «Բարսելոնա» - «Յուվենտուս»

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի հաղթողի տիտղոսը կատալոնական «Բարսելոնայի» հետ կվիճարկի Թուրինի «Յուվենտուսը», որը 12 տարվա ընդմիջումից հետո դարձյալ կխաղա եզրափակիչում:

Կիսաեզրափակիչի առաջին խաղում Իտալիայի չեմպիոնը Թուրինում 2:1 հաշվով հաղթել էր մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին», որի դեմ պատասխան հանդիպումն ավարտեց 1:1 հաշվով:

Մադրիդում կայացած խաղի առաջին խաղակեսում «Ռեալը» գերազանցեց հյուրերին եւ ընդմիջման գնաց հաշվի մեջ առջեւում: Սկզբնամասում 1-2 վտանգավոր գրոհներ անցկացնելուց հետո մադրիդցիներն առաջ անցան հաշվի մեջ: 23-րդ րոպեին 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, ում խփած գոլից հետո «Յուվենտուսն» ուներ տարածքային առավելություն, սակայն չէր կարողանում ստեղծել գոլային պահեր: Առաջին խաղակեսի վերջնամասում «Ռեալն» ավելի լավ տեսք ուներ եւ անցկացրեց մի քանի վտանգավոր հակագրոհներ, բայց թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում եւս թուրինցիները շատ ակտիվ չէին, թեեւ կարողացան հավասարեցնել հաշիվը: 57-րդ րոպեին հյուրերի պատասխան գոլը խփեց «Ռեալի» նախկին հարձակվող Ալվարո Մորատան, ով աչքի էր ընկել նաեւ առաջին խաղում եւ դարձյալ չտոնեց գոլը: Բաց թողած գոլից հետո «Ռեալը» շատ պասիվ էր, իսկ «Յուվենտուսը» վերահսկում էր գնդակը: Արքայական ակումբը երբեմն-երբեմն ակտիվանում էր, սակայն հյուրերն էլ աչքի էին ընկնում վստահ պաշտպանությամբ: Թուրինցիները երկրորդ գոլը կարող էին խփել 70-րդ րոպեին, երբ իտալացի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն հարմար դիրքից չկարողացավ գրավել դարպասը: Վերջնամասում Կարլո Անչելոտիի թիմը սկսեց գրոհել ավելի մեծ ուժերով, բայց ուժերը կարծես սպառվել էին, եւ գոլ խփել այդպես էլ չհաջողվեց:

«Ռեալը» դարձավ հերթական ակումբը, որը չկարողացավ պաշտպանել Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը: Այդ բարձունքը շարունակում է մնալ անհաղթահարելի: 

Հատկանշական է, որ «Յուվենտուսը» 5-րդ անգամ անընդմեջ փլեյ-օֆֆից դուրս թողեց Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրին (2 անգամ «Ռեալ», «Աստոն Վիլա», «Այաքս» եւ «Լիվերպուլ») եւ 5-րդ անգամ դուրս եկավ եզրափակիչ:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում «Բարսելոնան» 2 խաղերի արդյունքում 5:3 հաշվով հաղթել էր Մյունխենի «Բավարիային»: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է հունիսի 6-ին Բեռլինում: Եթե «Ռեալը» հաղթահարեր կիսաեզրափակիչի արգելքը, Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչում կկայանար «Էլ Կլասիկո»:

Չեմպիոնների լիգակիսաեզրափակիչ, պատասխան խաղ 

«Ռեալ» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա) – 1:1 (առաջին խաղ՝ 1:2

Կրիշտիանու Ռոնալդու, 23 (11մ) – Ալվարո Մորատա, 57

«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվախալ, Ռաֆայել Վարան, Սերխիո Ռամոս, Մարսելո, Տոնի Կրոս, Իսկո, Խամես Ռոդրիգես, Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա (Չիչարիտո, 67):

«Յուվենտուս». Ջանլուիջի Բուֆոն, Ստեֆան Լիխշտայներ, Լեոնարդո Բոնուչի, Ջորջո Կյելինի, Պատրիս Էվրա, Անդրեա Պիրլո (Անդրեա Բարցալի, 79), Կլաուդիո Մարկիզիո, Պոլ Պոգբա (Ռոբերտո Պերեյրա, 89), Արտուրո Վիդալ, Ալվարո Մորատա (Ֆերնանդո Լյորենտե, 84), Կարլոս Տեւես:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս