00:37  ,  13 մայիսի, 2015

Չեմպիոնների լիգա. Մյունխենյան պարտությունը «Բարսելոնային» չխանգարեց դուրս գալ եզրափակիչ

Կատալոնական «Բարսելոնան» դարձավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի առաջին մասնակիցը:

Կիսաեզրափակիչի առաջին խաղում կատալոնացիները 3:0 հաշվով հաղթել էին Մյունխենի «Բավարիային», որին 2:3 հաշվով պարտվեցին Գերմանիայում անցկացված պատասխան մրցավեճում:

Հանդիպման սկզբնամասում թիմերը կորցրին մեկական գոլային պահ, իսկ 7-րդ րոպեին «Բարսելոնայի» խաղացողների կողմից մոռացված մարոկկացի պաշտպան Մեհդի Բենատիան անկյունային հարվածի խաղարկման արդյունքում բացեց հաշիվը: Բաց թողած գոլից հետո հյուրերը չընկճվեցին եւ շարունակում էին խաղալ իրենց ֆուտբոլը: 15-րդ րոպեին Մեսի-Սուարես-Նեյմար կատալոնական գեղեցիկ կոմբինացիան ավարտվեց բրազիլացի հարձակվողի խփած գոլով: Երբ հաշիվը հավասարվեց, «Բավարիան» ունեցավ մի քանի իրական գոլային պահեր, սակայն չօգտագործեց դրանք եւ պատժվեց քիչ անց: 29-րդ րոպեին ուրուգվայցի Լուիս Սուարեսը կատարեց երկրորդ գոլային փոխանցումը, իսկ Նեյմարը, դառնալով դուբլի հեղինակ, առաջ մղեց կատալոնացիներին:

Առաջին խաղակեսի վերջնամասում տանտերերն ունեցան հաշիվը հանասարեցնելու իրական հնարավորություններ, բայց «Բարսելոնան» մինչեւ ընդմիջում պահպանեց հաղթական հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում գերմանացիները գերազանցեցին մրցակցին: Ընդմիջումից հետո Գերմանիայի չեմպիոնը շատ ավելի լավ տեսք ուներ, սակայն կարողացավ խփել ընդամենը 2 գոլ, ինչը բավական չէր դիմակայությունում հաղթելու համար: Հաշիվը 59-րդ րոպեին հավասարեցրեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, ով աչքի ընկավ անհատական բարձր վարպետություն դրսեւորելուց հետո: Գերմանացի Թոմաս Մյուլերի՝ 74-րդ րոպեին խփած գոլից հետո էլ մյունխենցիներն անդադար գրոհում էին, բայց ավելին անել չհաջողվեց:

Նեյմարը «Բարսելոնայի» կազմում գոլ խփեց 7-րդ խաղում անընդմեջ: Բացի այդ, 23-ամյա բրազիլացին կրկնեց իսպանացի Ֆերնանդո Մորյենտեսի ռեկորդը՝ գոլի հեղինակ դառնալով Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշարի քառորդ եզրափակիչի ու կիսաեզրափակիչի բոլոր խաղերում:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Թուրինի «Յուվենտուսն» ու մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը», որոնց միջեւ առաջին խաղում Իտալիայի չեմպիոնը հաղթել է 2:1 հաշվով: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է հունիսի 6-ին Բեռլինում:

Չեմպիոնների լիգակիսաեզրափակիչ, պատասխան խաղ 

«Բավարիա» (Գերմանիա) - «Բարսելոնա» (Իսպանիա) – 3:2 (առաջին խաղ՝ 0:3

Մեհդի Բենատիա, 7, Ռոբերտ Լեւանդովսկի, 59, Թոմաս Մյուլեր, 74 – Նեյմար, 15, 29

«Բավարիա». Մանուել Նոյեր, Ռաֆինյա, Ժերոմ Բոատենգ, Մեհդի Բենատիա, Խուան Բերնատ, Խաբի Ալոնսո, Ֆիլիպ Լամ (Սեբաստիան Ռոդե, 68), Տիագո Ալկանտարա, Բաստիան Շվայնշտայգեր (Մարիո Գյոտցե, 87), Թոմաս Մյուլեր, Ռոբերտ Լեւանդովսկի:

«Բարսելոնա». Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Դանիել Ալվես, Խերարդ Պիկե, Խավյեր Մասկերանո, Խորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Անդրես Ինյեստա (Չավի, 75), Իվան Ռակիտիչ (Ժերեմի Մաթյո, 72), Նեյմար, Լիոնել Մեսի, Լուիս Սուարես (Պեդրո, 46):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում