01:51  ,  23 մարտի, 2015

«Բարսելոնայի» ռեւանշը «Ռեալի» նկատմամբ (ֆոտոշարք)

Իսպանական Պրիմերայի 28-րդ տուրում առաջատար կատալոնական «Բարսելոնան» ընդունեց երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալին», որին առաջին շրջանում պարտվել էր 1:3 հաշվով: Այս տարվա առաջին «Էլ Կլասիկոյում» կատալոնացիները հաղթանակ տարան 2:1 հաշվով:

Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում եւ ավարտվեց 1:1 հաշվով: Խաղի սկզբնամասն անցնում էր փոխնիփոխ գրոհներով: 2 թիմերն էլ գրոհում էին, սակայն նաեւ նույնը թույլ էին տալիս մրցակցին: Մեկնարկում Արքայական ակումբի գրոհները կարծես ավելի վտանգավոր էին ստացվում, բայց հաշիվը բացեց «Բարսելոնան»: 19-րդ րոպեին ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում աչքի ընկավ տանտերերի ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մաթյեն: Գոլից հետո խաղադաշտում պայքարը սրվեց, իսկ վտանգավոր պահերը մի պահ նվազեցին: 30-րդ րոպեին «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը վրիպեց հարմար դիրքից, իսկ «Ռեալը» հաջորդ րոպեին խփեց պատասխան գոլը: Ֆրանսիացի Քարիմ Բենզեմայի կրկնով արտակարգ փոխանցումից հետո պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաշիվը դարձրեց 1:1: Խաղակեսի վերջնամասում կատալոնացիները շատ անվստահ էին գործում, թեեւ մինչեւ ընդմիջում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին:

Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեցին մադրիդցիները, սակայն 56-րդ րոպեին տանտերերը դարձյալ առաջ անցան հաշվի մեջ: Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խորքից ստացած գեղեցիկ փոխանցումը եզրափակեց ոչ պակաս գեղեցիկ հարվածով: Բաց թողած գոլից հետո «Ռեալն» այնքան էլ վտանգավոր չէր գործում առջեւի գծում, իսկ «Բարսելոնան» մեկը մյուսի հետեւից կերցնում էր իրական գոլային պահեր: Պայքարն աստիճանաբար սրվում էր եւ գլխավոր մրցավարը ցույց տվեց 11 դեղին քարտ: Հաջորդ գոլը խփելուն շատ ավելի մոտ էին դաշտի տերերը, բայց հաշվի մեջ նոր փոփոխություններ չգրանցվեցին:

«Բարսելոնան» գեղեցիկ ռեւանշի հասավ եւ արդեն 4 միավոր է գերազանցում Արքայական ակումբին:

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 2:1

Ժերեմի Մաթյե, 19, Լուիս Սուարես, 56 - Կրիշտիանու Ռոնալդու, 31

«Բարսելոնա». Կլաուդիո Բրավո, Դանի Ալվես, Խերարդ Պիկե, Ժերեմի Մաթյե, Խորդի Ալբա, Խավյեր Մասկերանո, Անդրես Ինյեստա (Չավի, 80), Իվան Ռակիտիչ (Սերխիո Բուսկետս, 76), Նեյմար (Ռաֆինյա, 85), Լիոնել Մեսի, Լուիս Սուարես:

«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվախալ, Պեպե (Ռաֆայել Վարան, 73), Սերխիո Ռամոս, Մարսելո, Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ (Լուկաս Սիլվա, 88), Իսկո (Խեսե, 80), Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա:

Ֆոտո՝ Daily Mail

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում