10:09  ,  9 մարտի, 2015

Դավիդ Յուրչենկո. Այժմ ակումբային գործերն ավելի կարեւոր են, քան ազգային հավաքական ընտրելը

Բաշկիրիայի «Ուֆայի» հայկական արմատներ ունեցող 28-ամյա դարպասապահ Դավիդ Յուրչենկոն խոսել է Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում Մոսկվայի «Դինամոյից» կրած պարտության եւ Հայաստանի հավաքականում հանդես գալու հնարավորության մասին:

«Կնշեմ Գաբուլովի հիանալի խաղը: Նա մեծ դերակատարում ունեցավ «Դինամոյի» հաղթանակում: Առաջին գոլն իմ սխալի պատճառով չէր: Մինչեւ մրցակցի կատարած փոխանցումը կենտրոնական գոտում տեսա մեր ֆուտբոլիստին, իսկ հետո գնդակը հետ մղեցի նրա ուղղությամբ: Հետ մղելուց հետո շրջեցի գլուխս՝ տեսնելով, որ այնտեղ 2 մրցակիցներ կային, իսկ թիմակիցս հայտնվել էր կողքիս: Պարզապես անհամաձայնեցված գործողություն էր:

Խնդրել եմ իմ՝ որեւէ ազգային հավաքականում հանդես գալու հարցը հետաձգել մինչեւ ամառ: Հիմա ակումբային գործերն ավելի կարեւոր են, իսկ հետո կզրուցենք Հայաստանի հավաքականի ներկայացուցիչների հետ: Որոշումս առաջին հերթին կապված է լեգեոնականների լիմիտի հետ: Ես ունեմ ռուսական անձնագիր, այդ պատճառով այժմ չեմ համարվում լեգեոնական, սակայն լիմիտը կարող է փոխվել»,- Յուրչենկոյի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ Դավիդ Յուրչենկոյի հայկական արմատների մասին հայտն էր դարձել նախորդ տարվա վերջնամասում: Դրանից հետո ռուսաստանցի դարպասապահը հայտնել էր Հայաստանի հավաքականում հանդես գալու ցանկություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով