20:51  ,  24 հունվարի, 2015

Ռոնալդուի հեռացումը չխոչընդոտեց «Ռեալի» դժվարին հաղթանակին

Իսպանական Պրիմերայի 20-րդ տուրում առաջատար Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Կորդոբայի» նկատմամբ:

Հանդիպման մեկնարկը անհաջող ստացվեց Արքայական ակումբի համար, քանի որ երկրորդ րոպեին հյուրերի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց «Կորդոբայի» ալժիրցի հարձակվող Նաբիլ Ղիլասը: Առաջին խաղակեսսում «Ռեալը» չէր կարողանում վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ, սակայն 27-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման խփեց Կարլո Անչելոտիի թիմի պատասխան գոլը:

Ընդմիջումից հետո պատկերը չփոխվեց: Մադրիդցիների մոտ ոչինչ չէր ստացվում առջեւի գծում, իսկ դաշտի տերերը երբեմն գրոհում էին շատ վտանգավոր: 82-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով անցկացնում էր ակումբային կարիերայի 600-րդ խաղը: Թվում էր, թե Չեմպիոնների լիգայի գավաթակիրը միավորներ կկորցնի, բայց վերջնամասում հյուրերը կամային հաղթանակ կորզեցին: 89-րդ րոպեին «Կորդոբայի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, իսկ գնդակին մոտեցած ուելսցի Գարեթ Բեյլը խփեց «Ռեալի» հաղթական գոլը:

Իսպանիայի առաջություն, 20-րդ տուր

«Կորդոբա» - «Ռեալ»՝ 1:2

Նաբիլ Ղիլաս, 3 (11մ.) – Քարիմ Բենզեմա, 27, Գարթե Բեյլ, 89

Հեռացումներ՝ Ֆեդերիկո Կարտաբիա, 87 («Կորդոբա») – Կրիշտիանու Ռոնալդու, 82 («Ռեալ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում