01:05  ,  1 դեկտեմբերի, 2014

Դորտմունդի «Բորուսիայի» «սեւ» կիրակին (ֆոտո)

Դորտմունդցիների գործերն ավելի վատ դեռ երբեք չեն եղել: Բունդեսլիգայի 13-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Ֆրանկֆուրտում 0:2 հաշվով պարտվեց «Այնտրախտին»: Անհավատալի է, բայց Գերմանիայի փոխչեմպիոններն այժմ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի անդունդում են` 11 միավորով վերջին՝ 18-րդ տեղում: Այսպիսի արդյունքով Գերմանիայի փոխչեմպիոնները մոտ են Բունդեսլիգայից դուրս մնալուն:

Խաղի ընթացքը

Խաղի մեկնարկն արդեն վատատեսական էր դորտմունդցիների համար: Արդեն 5-րդ րոպեին ֆրանկֆուրտցիների կիսապաշտպան Ալեքսանդր Մայերը հիանալի հարվածով գրավեց «Բորուսիայի» դարպասը եւ ակնհայտ դարձավ, որ փոխչեմպիոնների երկրպագուներին եւս մեկ հիասթափություն է սպասվում:

Իհարկե, պետք չէ մոռանալ Հայաստանի հավաքականի եւ դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ հաշիվը հավասարեցնելու հիանալի փորձը, որը սակայն անհաջողության մատնվեց:

Առաջին խաղակեսի ամբողջ ընթացքում դորտմունդցիները շարունակում էին պայքարել եւ հաշիվը հավասարեցնելու մի քանի անհաջող փորձեր եղան: Առաջին խաղակեսի ավարտին «Բորուսիայի» համար պատկերը էլ ավելի վատը դարձավ, երբ եւս մեկ դորտմունդցի ավելացավ վնասվածք ստացածների թվում: Լուկաս Պիշչեկն ազդրի վնասվածքի պատճառով փոխարինվեց: Հիշեցնենք, որ լուրջ վնասվածքների պատճառով բացակայում են Ռոյսը, Հումելսը, Սոկրատիսը, Իմոբիլեն, Կիրխը եւ Բլաշչիկովսկին:

Երկրորդ խաղակեսի սկզբում ֆրանկֆուրտցիները ցուցադրեցին իրենց ակնհայտ առավելությունը, այնուհետեւ դորտմունդցիները եւս մեկ անգամ փորձեցին խաղի ընթացքն իրենց ձեռքը վերցնել. 52-րդ րոպեին Օբամեյանգը քիչ էր մնում հավասարեցներ հաշիվը, սակայն մրցակցի պաշտպանությունն ավելի ուժեղ գտնվեց: Խաղի վերջնամասում ֆրանկֆուրտցիները հաջողությամբ ամրապնդեցին առաջատար դիրքը. 78-րդ րոպեին Հարիս Սեֆերովիչը եւս մեկ գնդակ ուղարկեց դորտմունդցիների դարպասը եւ կրկնապատկեց «Այնտրախտի» առավելությունը:

«Այնտրախտը» 18 միավորով բարձրացավ 9-րդ տեղ:

Ի՞նչ են ասում մարզիչները

«Բորուսիայի» գխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խաղից հետո չկարողացավ թաքցնել իր հիասթափությունը. «Խաղը դեռ չսկսված, մրցակիցը ծանր հարված հասցրեց: Մենք ծայրահեղ ծանր ճգնաժամ ենք ապրում, եւ ես մեղքն ամբողջությամբ ինձ վրա եմ վերցնում»:

Այնուհետեւ Կլոպը մեկ անգամ եւս հուսադրեց, որ ելք կա նույնիսկ նման ծայրահեղ ճգնաժամից, եւ ինքն ու իր թիմը ջանք չեն խնայելու. «Կարծում եմ՝ պետք չէ թերագնահատել տղաների ջանքերը, նրանք չհանձնվեցին եւ շարունակեցին պայքարել մինչեւ խաղի ավարտը»:

Իր թիմի գրանցած հաջողություններով ոգեւորված` «Այնտրախտի» գլխավոր մարզիչ Թոմաս Շաաֆը հայտարարեց. «Ես իսկապես հպարտանում եմ իմ տղաների խաղով: Նրանք հիանալի մեկնարկեցին` խաղի հենց առաջին րոպեներից հաստատելով իրենց առավելությունը, եւ շարունակեցին այդպես մինչեւ խաղի ավարտը: Այս խաղից հետո մեզ մնում է շարունակել նույն տեմպերով եւ չմոռանալ վերջին խաղերում գրանցած հաջողությունները»:

«Այնտրախտ Ֆ.» - «Բորուսիա Դ.»՝ 2:0

Մայեր, 5, Սեֆերովիչ, 78

«Այնտրախտ Ֆ.». Վիդվալդ, Օչիպկա, Անդերսոն, Ռուս, Չենդլեր, Հասեբե, Ինուի (Իգնյովսկի, 90), Այգներ (Կիտել, 90+2), Շտենդերա (Լանիգ, 63), Մայեր, Սեֆերովիչ:

«Բորուսիա Դ». Վայդենֆելեր, Դուրմ, Գինտեր, Սուբոտիչ, Պիշչեկ  (Ռամոս, 38), Կել (Գյունդոգան, 74), Բենդեր, Գրոսկրոյց, Կագավա (Յոյիչ, 74), Մխիթարյան, Օբամեյանգ:

Ուրսուլա Շիքս

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում