14:16  ,  22 նոյեմբերի, 2014

«Բարսելոնա» - «Սեւիլիա»՝ անոնս

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի կենտրոնական խաղում 2-րդ տեղում ընթացող «Բարսելոնան» կհյուրընկալի 5-րդ տեղը զբաղեցնող «Սեւիլիային», որն ընդամենը 2 միավոր է զիջում կատալոնցիներին: Շատերի համար տրամաբանական կլիներ, որ առաջնության այս հատվածում Լուիս Էնրիկեի թիմը միավորների մեծ առավելություն ունենար անդալուզցիների նկատմամբ, սակայն նրանց բաժանում է ընդամենը 2 միավոր: Երկու թիմերն էլ հաջող սկսեցին մրցաշրջանը, սակայն վերջին մի քանի հանդիպումներում սկսեցին միավորներ կորցնել: «Բարսելոնան» 2 անընդմեջ պարտություն կրեց նախ «Ռեալի» (1:3), ապա «Սելթայի» դեմ (0:1) խաղերում, իսկ «Սեւիլիան» պարտվեց «Աթլետիկին» (0:1), որից հետո ոչ-ոքի խաղաց «Լեւանտեի» հետ (1:1):

«Բարսելոնա»

Վերջին անհաջողությունները ստիպել են «Բարսելոնային» առավել զգուշությամբ մոտենալ «Սեւիլիայի» դեմ խաղին: Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջին շաբաթվա ընթացքում թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկե Մարտինեսը 30 րոպեանոց խորհրդակցություն է անցկացրել ֆուտբոլիստների հետ՝ քննարկելով առաջիկա հանդիպումը: Մարզիչը ցանկանում է՝ խաղացողները գիտակցեն, որ այս խաղում կորցնելու շատ բան ունեն:

«Սեւիլիա»

Անդալուզցիների գլխավոր մարզիչ Ունաի Էմերին նշել է, որ  խաղադաշտ են դուրս գալու մեծ մոտիվացիայով եւ «Բարսելոնային» զարմացնելու մտադրությամբ: Միաժամանակ նա ընդգծել է, որ թեեւ իր ֆուտբոլիստները կփորձեն կանգնեցնել Լիոնել Մեսիին, դա նրանց միակ նպատակը չի լինելու:

Կադրային խնդիրներ

Այս հարցում «Բարսելոնայի» խնդիրները աստիճանաբար լուծվում են: Մրցաշրջանի սկզբից թիմն այս շաբաթ առաջին անգամ մարզում է անցկացրել բոլոր 23 ֆուտբոլիստներով:  Նրանց հետ մարզվել է նաեւ երկրորդ թիմի հարձակվող Մունիրը: Վնասվածքներից ապաքինվել եւ թիմ են վերադարձել Անդրես Ինյեստան, Ժերեմի Մաթյոն եւ Ռաֆինյան, որոնց մասնակցությունը «Սեւիլիայի» դեմ խաղին, այդուհանդերձ, հարցականի տակ է:

Կատալոնցիների մարզիչն այս խաղում, ամենայն հավանականությամբ, մեկնարկային կազմում կընդգրկի Սուարես - Մեսի - Նեյմար եռյակը: Նախորդ տուրի «Ալմերիայի» դեմ խաղում Լուիս Էնրիկեն պահեստայինների նստարանին էր թողել Նեյմարին եւ Լուիս Սուարեսին, ինչի պատճառով թիմը մեծ դժվարությամբ կարողացավ հաղթանակ տանել (2:1), իսկ ինքը՝ մարզիչը, քննադատության ենթարկվեց իր այդ որոշման համար:

Ի տարբերություն Լուիս Էնրիկեի՝ Ունաի Էմերին պետք է երկար մտածի կազմի ընտրության մասին: Վնասվածք ունեն նրա 2 ձախ եզրային պաշտպանները՝ Բենուա Տրեմուլինասը եւ Ֆերնանդո Նավառոն: Այս դիրքում մասնագետը, ամենայն հավանականությամբ, առաջին րոպեներից դաշտ դուրս կբերի Դիոգոյին կամ Կոլոյին:

«Բարսելոնան»՝ Ունաի Էմերիի անեծք

«Բարսելոնայի» դեմ 12-րդ տուրի խաղն Ունաի Էմերիի համար 100-րդը կլինի որպես «Սեւիլիայի» գլխավոր մարզիչ: Մասնագետն իր մարզչական կարիերայի 8 տարիների ընթացքում երբեք չի կարողացել հաղթանակ տանել «Բարսելոնայի» նկատմամբ՝ ոչ «Ալմերիան», ոչ «Վալենսիան», ոչ Մոսկվայի «Սպարակը», եւ ոչ էլ «Սեւիլիան» գլխավորելու տարիներին: Նա լավագույն դեպքում 1 միավոր է վաստակել կատալոնցիների հետ դիմակայություններում: Իսպանիայի առաջնություններում Ունաի Էմերին իր թիմերի հետ 13 անգամ է մրցել «Բարսելոնայի» հետ, որոնցից 9-ում պարտություն է կրել, իսկ 4 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Ռակիտիչ, Դենիս Սուարես, Ժերար Դելոֆեու

Ընթացիկ մրցաշրջանից առաջ թիմերը հասցրել են համալրվել մեկը մյուսի խաղացողներով. «Սեւիլիան» վարձավճարով ձեռք է բերել «Բարսելոնային» պատկանող Ժերար Դելոֆեուին եւ Դենիս Սուարեսին, իսկ կատալոնական ակումբը գնել է «Սեւիլիայում» հերոսացած Իվան Ռակիտիչի տրանսֆերը: Իրենց նախկին թիմի դեմ կխաղան նաեւ տարիներ առաջ «Սեւիլիայից» «Բարսելոնա» տեղափոխված Դանի Ալվեշը եւ Ադրիանոն:

«Բարսելոնա» - «Սեւիլիա»

Լա լիգայում միմյանց դեմ վերջին 5 դիմակայություններում հաղթանակը միշտ ուղեկցել է «Բարսելոնային»: «Սեւիլիան» նախորդ անգամ կատալոնցիների դեմ խաղում կարողացել է միավոր վաստակել 2011-2012 մրցաշրջանի առաջին խաղում. այդ հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: Նախորդ անգամ անդալուզցիները «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակ են տարել Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում (3:1): Իսկ առաջնությունում «Սեւիլիան» «Բարսելոնայի» դեմ խաղում 3 միավոր է վաստակել 2006-2007 մրցաշրջանի պատասխան խաղում (2:1):

«Բարսելոնա» - «Սեւիլիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: Բուքմեյքերները չեն կասկածում կատալոնացիների հաղթանակին՝ 1.20: Ոչ ոքին ստացել է 7.00, «Սեւիլիայի» հաղթանակը՝ 11.00 գործակից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում