00:19  ,  5 նոյեմբերի, 2014

Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեկնարկում է Բունդեսլիգայում

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը հանդես կգա Գերմանիայի ակումբային առաջնությունում։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում աշխարհի չեմպիոնը նշեց, որ նոյեմբերի 6-ին կմեկնի Գերմանիա եւ նորամուտը կնշի «Մայնց» ակումբում:

«Պայմանագրով նախատեսված է, որ մինչեւ տարվա վերջ պետք է ունենամ չորս կամ հինգ գոտեմարտ, հետո կվերադառնամ եւ կմիանամ ազգային հավաքականին, որը դեկտեմբերի 10-ից մարզական հավաք է սկսում Ծաղկաձորում»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:

Տարբեր երկրներում գոյություն ունեն ըմբշամարտի ակումբային առաջնություններ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, այժմ արդեն աշխարհի գործող չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը գերմանական Բունդեսլիգայում հանդես է գալիս 2009-ից: Արսենն արդեն համարվում է Գերմանիայի առաջնության «հնաբնակներից»:

Նրանից հետո գերմանական ակումբներում աստիճանաբար ավելացավ հայ մարզիկների թիվը. Ռոման Ամոյան, Միհրան Ջաբուրյան (ազատ ոճ), Ալեքսան Միքայելյան, Արամ Ջուլֆալակյան:

Մարզասերների շրջանում հաճախ է հնչում հետեւյալ հարցը. «Բայց ի՞նչ է տալիս ակումբային առաջնությունը, վտանգավոր է, վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Գործող մարզիկի համար շատ ռիսկային է»:

Սակայն պետք է ընդունել, որ ռիսկը ամեն տեղ կա, վնասվածք կարող են ստանալ եւ  մարզման ժամանակ, նույնիսկ փողոցով քայլելիս:

Դիտարկենք այս հարցն այլ տեսանկյունից: Նախեւառաջ ի՞նչ է իրենից ներկայացնում ըմբշամարտի ակումբային առաջնությունը, այս դեպքում՝ Բունդեսլիգան:

Մարզիկները առնվազն մեկ տարվա պայմանագիր են կնքում ակումբի հետ: Պայմանագրում նշված է թե մարզիկը քանի գոտեմարտ պետք է անցկացնի մեկ տարում: Կարող է լինել 10-11, մինչեւ 23-24:

Պարզ է, որ այն մարզիկները, ովքեր իրենց մարզական կարիերայի վերելքում են, նախընտրում են ավելի քիչ գոտեմարտեր անցկացնել: Իսկ կարիերայի մայրամուտին հասածները՝ ավելի շատ: Բացի այդ, մարզիկները գումար են ստանում իրենց ելույթների համար:

Ստացվում է, որ ըմբիշները մնում են մարզավիճակում եւ բարելավում են իրենց ֆինանսական վիճակը:

Շուշանիկ Հակոբյան

Լուսանկարները՝ մարզիկների ֆեյսբուքյան էջերից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում