15:04  ,  28 ապրիլի, 2024

ԵԱ. Ռոբերտ Գյուլումյանը 24-րդն է բազմամարտում (ֆոտո)

Իտալիայի Ռիմինի քաղաքում ավարտվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը բազմամարտի եզրափակիչին մասնակցեց Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Ռոբերտ Գյուլումյանը: Հայաստանի ներկայացուցիչը 6 գործիքների հանրագումարում վաստակեց 74.632 միավոր եւ 25 լավագույնների մեջ զբաղեցրեց 24-րդ տեղը: Առանձին գործիքներում Ռոբերտ Գյուլումյանը հենացատկում վաստակեց 13.100 միավոր, օղակներում՝ 12.433, զուգափայտում՝ 12.666 միավոր, նժույգ թափերում՝ 12.133 , պտտաձողում՝ 11.100,  ազատ վարժություններում՝13.233։

Հայաստանի հավաքականներն ավարտեցին պայքարը Եվրոպայի առաջնությունում:

Հակոբ Սերոբյանի գլխավորած մեծահասակների հավաքականը Ռիմինում նվաճեց մեկ մեդալ: Արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը հենացատկի եզրափակիչում 0,33 միավորով զիջեց չեմպիոնի տիտղոսը նվաճած բրիտանացի Ջեյք Ջեյրամին:

Երիտասարդական հավաքականից Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 16-ամյա Համլետ Մանուկյանը: Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Մանուկյանը վաստակեց 14.800 միավոր: Նույն վարժությունում բրոնզե մեդալակիր դարձավ Մամիկոն Խաչատրյանը: Եզրափակիչում 17-ամյա մարմնամարզիկը վաստակեց 14.266 միավոր:

Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչներ Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում զբաղեցրեց 4-րդ տեղը: Նժույգ թափեր վարժությունում եզրափակիչ դուրս եկած Գագիկ Խաչիկյանը զբաղեցրեց 4-րդ տեղը, Հարություն Մեդինյանը չհաղթահարեց որակավորման փուլը: Վահագն Դավթյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց Եվրոպայի առաջնությանը: 

Լուսինե Շահբազյան

NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում