17:51  ,  13 հոկտեմբերի, 2014

Դիդյե Դեշամ. Հայաստանի հավաքականն արժանի էր հաղթել սերբերին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման չի մասնակցի Ֆրանսիայի հավաքականի այսօրվա մարզմանը ընդհանուր խմբում։

Այդ մասին Հայաստան Ֆրանսիա ընկերական խաղի նախախաղային մալուլի ասուլիսին ասաց Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

«Հայաստանի հավաքականի վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին գիտեմ, բայց հայերը հանդես են գալու 11 ֆուտբոլիստներով: Դիտել եմ հայերի խաղը սերբերի հետ: Կարող եմ ասել, որ Հայաստանը կարող էր եւ գուցե արժանի էր հաղթել, եթե իրացներ 11 մետրանոցը: Հայաստանը լավ է պաշտպանվում: Ես վաղվա խաղին ցանկանում եմ հնարավորություն տալ տարբեր ֆուտբոլիստների եւ կկատարեմ ոչ թե երեք, այլ վեց փոխարինում: Քարիմ Բենզեմայի վնասվածքից անկախ, փորձել ենք նրան խնայել։ Այսօր նա չի մարզվի ընդհանուր խմբում:

Հայաստանում եղել եմ 1999-ին, բայց համեմատել, թե ինչ է փոխվել չեմ կարող: Երեկ ուշ երեկոյան եմ ժամանել: Իհարկե, ինչպես ամեն տեղ, Հայաստանում նույնպես ամեն բան առաջադիմում է: Հայաստանը ճանաչելու համար ավելի շատ ժամանակ կպահանջվի:

Այս խմբում Պորտուգալիան առաջին հայացքից ֆավորիտն է, բայց նույն Պորտուգալիան առանց Ռոնալդուի պարտվեց Ալբանիային: Սերբիան ու Դանիան նույնպես լավ թիմեր են: Մենք գիտեք, որ Հայաստանը ընդամենը 1։2 հաշվով պարտվեց Դանիային եւ կարող էր հաղթել սերբերին: Բավական դժվար պայքար է սպասվում այս խմբում: Սերբիան եւ Պորտուգալիան լավ հավաքականներ են: Մենք տարբեր կերպ էինք ներկայացել այդ թիմերի հետ խաղերին: Սերբիայի հետ խաղից առաջ մենք խաղացել էինք Իսպանիայի հավաքականի հետ: Միգուցե, Պորտուգալիայի հետ ավելի դժվար է, հաշվի առնելով թիմում Ռոնալդուի լինելը, բայց երկու թիմերն էլ ունեն բարձրակարգ ֆուտբոլիստներ իրենց կազմում:

Պոլ Պոգբան եւ Ռաֆայել Վարանը շատ երիտասարդ են ու շատ մրցունակ են թիմում: Վարանը վերջին շրջանում շատ է առաջադիմել, իսկ Պոգբան հաճախ է ռիսկի դիմում: Որպես կազմակերպիչ երկիր, մենք պետք է ընկերական հանդիպումներ անցկացնենք, եւ սա լավ հնարավրություն է մեզ համար, որպեսզի չընտրենք սպարինգ զույգեր, այլ պարզապես անցկացնենք խաղերը այս խմբի թիմերի հետ: Հայաստանի ազգային հավաքականը համեմատած այն տարիներին, երբ ես էին հանդես գալիս, շատ է փոխվել: Այժմ հանդես է գալիս հինգ պաշտպաններով: Մխիթարյանի եւ Մովսիսյանի բացակայության դեպքում, Պիզելին, Սարկիսովը եւ Մանուչարյանը լավ հանդես եկան, եւ դա այն բանի արդյունքն է, որ հայ ֆուտբոլիստները սկսել են հանդես գալ եվրոպական թիմերում»,- նշեց Դիդյե Դեշամը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան Եվրո2016-ի կազմակերպիչն է, եւ ընտրական մրցաշարում թիմը խաղում է հաշվարկից դուրս։

Հայաստան - Ֆրանսիա ընկերական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին եւ կմեկնարկի 20։00-ին։

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով