09:11  ,  27 մարտի, 2014

Գաջի Գաջիեւ. Հնարավոր է՝ Կառլեն Մկրտչյանի հետ երկարաձգենք պայմանագիրը

Պրոֆեսիոնալ ֆուտբոլում շեշտը մեկն է՝ բալանսավորված խաղ պաշտպանության եւ հարձակման գծերում, ֆուտբոլիստների բարձր մոտիվացիա: Մեր ուժերի չափով կարողանալ ագրեսիվ խաղալ ցանկացած մրցակցի դեմ:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Գաջի Գաջիեւը:

Պարոն Գաջիեւ, «Անժիում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը: Գո՞հ եք նրա խաղից: Ինչպե՞ս կբնութագրեք նրան:

Նրա խաղը շատ բարձր եմ գնահատում: Կառլենը ունի մարզական բնավորություն, խաղում է մեծ նվիրումով, պայքարի մեջ լավ է մտնում, փոխանցումներով վատ չի խաղում: Կառլենը մեր թիմի ամենաաշխատասեր ֆուտբոլիստներից մեկն է: Մի խոսքով՝ շատ օգտակար ֆուտբոլիստ է: 

Հնարավո՞ր է, որ Կառլենի վարձակալության պայմանագրի լրանալուց հետո այն երկարաձգվի:

Այո, հնարավոր է: Նա այստեղ իրեն լավ է զգում եւ գոհ է իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից:

«Անժին» բավական հաջող հանդես եկավ Եվրոպայի լիգայում, բայց Ռուսաստանի առաջնությունը կարելի է ասել ձախողեց, թիմը հետնապահն է: Ինչո՞ւ այդպես ստացվեց:

Ես համաձայն չեմ, որ առաջնությունը վատ ենք սկսել: Այս տարի երեք լավ խաղ անցկացրինք: Առաջին խաղը «Ռուբինի» դեմ էր, որը լավ կազմակերպված թիմ է, այնուհետեւ առաջատարներից «Սպարտակի» հետ: Վերջերս ԲԿՄԱ-ի հետ խաղն էր: Հաշիվը համապատասխանում է խաղին: Հավասար խաղ էր, եթե մեր բախտը բերեր, կարող էինք մեկից ավելի գոլեր խփել: Դարպասը գրավելու լավ հնարավորություններ էին ստեղծվում, բայց ֆուտբոլում հաճախ է լինում, որ հավասար խաղերում այդպիսի հաշիվներ են գրանցվում:

Ինչի՞ վրա է «Անժին» շեշտը դնելու, որպեսզի կարողանա պահպանել տեղը Պրեմյեր լիգայում:

Պրոֆեսիոնալ ֆուտբոլում շեշտը մեկն է՝ բալանսավորված խաղ պաշտպանության եւ հարձակման գծերում, ֆուտբոլիստների բարձր մոտիվացիա: Մեր ուժերի չափով կարողանալ ագրեսիվ խաղալ ցանկացած մրցակցի դեմ: Մի խաղը մյուսից տարբերվում է՝ յուրաքանչյուր թիմի դեմ տարբեր մարտավարություն ընտրելով: Մի թիմի դեմ գուցե պետք է խաղալ երեք կենտրոնական պաշտպաններով, մյուսի հետ՝ երկուսով: Կախված, թե մրցակից թիմում ինչն է ուժեղ: Պետք է ձգտել խաղալ այնպես, ինչպես պահանջում է այսօրվա ֆուտբոլի զարգացման մակարդակը:

Ձմռանը Պրեմյեր լիգայի առաջին տեղի համար թեժ պայքար էր: Այս պահին, կարծես, «Լոկոմոտիվն» առաջ է անցել, եւ միայն «Զենիթն» է շարունակում հետապնդել: Ձեր կարծիքով, ո՞վ կդառնա չեմպիոն:

Բարդ է ասել՝ ով կդառնա չեմպիոն: «Լոկոմոտիվը» լավ հնարավորություններ ունի, նույնը կարելի է ասել ԲԿՄԱ-ի վերաբերյալ: Նրանց օրացույցը շատ հարմար է, բայց այդ թիմը մի քանի տարի նույն կազմով է խաղում: Խաղակցված թիմ է: «Լոկոմոտիվի» համար այդ պայքարը հեշտ չի լինելու: Նույնը վերաբերում է «Զենիթին»: «Դինամոն» էլ դեռ չի կորցրել չեմպիոն դառնալու հույսերը:

«Կռիլյա Սովետովում» աշխատել եք Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Կարեն Դոխոյանի հետ: Զրուցելու առիթներ լինո՞ւմ են այժմ:

Այո, մենք Կարենի հետ միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել: Նա «Կռիլյա Սովետովի» լավագույն ֆուտբոլիստերից էր: Վերջերս, երբ ես աշխատում էի Սամարայում, մենք հանդիպեցինք այնտեղ: Երեւի այդ քաղաքը շատ է սիրում: Երկրպագուներն էլ միշտ համակրում էին նրան:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով