17:14  ,  12 նոյեմբերի, 2013

Վազգեն Բադալյան. Ես կանխազգում էի Վիկ Դարչինյանի պարտությունը

Ես կանխազգում էի Վախթանգի պարտությունը: Կարծում եմ` Վիկ Դարչինյանի նոր մարզիչին պետք է մարզիկի հոգեբանությունն իմանալ եւ փորձառություն ունենալ: Մարզիչ լինելը այն չէ, որ ձեռնաթաթերը պահես եւ ասես՝ աջ հարվածի, ձախ հարվածի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վիկ Դարչինյանի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը` մեկնաբանելով նոյեմբերի 9-ին ԱՄՆ Տեխաս նահանգում ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ մենամարտում Վիկ Դարչինյանի կրած պարտությունը:

Պարոն Բադալյան, Դուք վերջին շրջանում պարբերաբար Վիկ Դարչինյանին խորհուրդ էիք տալիս լքել ռինգը: Նա պարտվեց ռեւանշ մենամարտում: Որպես նրա արդեն նախկին անձնական մարզիչ ինչպես ընդունեցիք նրա պարտությունը:

Ես արդեն շուրջ մեկ ու կես տարի է խոսում եմ, խորհուրդ եմ տալիս, որ Վիկ Դարչինյանը դադարեցնի իր մենամարտերը: Այդ խորհուրդը ես մինչ օրս գիտակցումով եմ արել, հասկանալով, որ նրա տարիքն այլեւս թույլ չի տալիս ռինգ դուրս գալ լիարժեք հաղթանակի հույսով: Վիկ Դարչինյանը բռնցքամարտում պրոֆեսիոնալ է եւ չկա մի տիտղոս, որ նա նվաճած  չլինի: Եթե նա այժմ իր համար է մենամարտում` իր տրամադրության, իր հավեսի, բիզնեսի, ինչ-որ տեղ հասկանալի է եւ ընդունելի: Բայց եթե տիտղոսի մենամարտ է եւ ռինգ է դուրս գալիս տիտղոս նվաճելու, կարծում եմ, որ այդ տարիքում դա այդքան էլ ճիշտ չէ նման ռիսկի գնալը:

Բոլոր մարզիչները իրենց մարզիկներին միշտ դրդում են մենամարտերի, նույնիսկ պահանջում, որ իրենց մարզիկները դուրս գան ռինգ մեծամասամբ իրենց անվան համար, եւ նույնիսկ հոգ չէ, որ մարզիկները պարտվեն: Բայց ես նման հարաբերության մեջ չեմ եղել Վախթանգի հետ: Նա դեռ ուզում է շարունակել բռնցքամարտը, թող շարունակի: Բայց ես կողմ չեմ դրան եւ չեմ գտնում, որ դա նրան անհրաժեշտ է:

Ես արդեն նրա մենամարտերին չեմ գնում, չեմ մասնակցում: Մեկ անգամ նա Ճապոնիայում մենամատ ունեցավ, ինձ չհրավիրեց. դրանից հետո ես նրա մենամարտերին չեմ գնում: Այնպես ինչպես այս` Դոների հետ մենամարտին չմեկնեցի:

Ինչպե՞ս կմեկնաբանեք այս մենամարտը: Ինչո՞ւ Վիկ Դարչինյանը չկարողացավ հաջողությամբ ավարտել ռեւանշ մենամարտը:

Վիկն այժմ ունի նոր անձնական մարզիչ, երիտասարդ տղա է: Չգիտեմ, մարզումների ժամանակ ինչպես են աշխատել, բայց նա չկարողացավ իրենց առջեւ դրված խնդիրը լուծել: Չեմ թերագնահատում այդ տղային, բայց նրա այդ այդ բացթողումը բերեց նրան, որ Վիկը չկարողացավ հաջողությամբ ավարտել ռեւանշը: Վիկը մենամարտը սկսեց շատ լավ, զգացվեց նրա տրամադրությունն ու տրամադրվածությունը: Նա շատ ճիշտ էր տանում մենամարտը սկզբի ռաունդներում: Բայց տակտիկական առումով աստիճանաբար Վիկի արագությունն ու ուշիմությունն ընկավ: Իսկ պետք է հակառակը լիներ: Այստեղ ավելի լուրջ վերաբերմունք էր պետք: Իսկ Վախթանգը, կորցնելով իր ուշիմությունը, սկսեց կռիվ սարքել, ինչն իրեն պետք չէր: Երբ նա կորցրեց իր ակտիվությունը, նախաձեռնությունն զիջեց հակառակորդին: Ինչի հաշվին հակառակորդը ակտիվացավ: Այն տակտիկան, որ ընտրել էին վերջին փուլում, շատ սխալ էր: Ռինգի անկյունում կանգնող մարզիչները պետք է կարողանային Վիկին հուշել գոնե այլ տակտիկայով աշխատեր: Նորից եմ ասում, որ չեմ թերագնահատում այդ նոր մարզիչին: Ուղղակի այդ մարզիչը չի ճանաչում Վախթանգին, չգիտի նրա հոգեբանությունը: Իսկ դա շատ կարեւոր է: Նա պետք է հասկանար` ինչու է Վիկը կռվի մեջ մտել վերջին ռաունդներում, ինչը նրան գցեց լարվածության մեջ եւ այլ տակտիկական հնարք առաջարկեր: Կարծում եմ այդ նոր մարզիչին պետք է, որ իրեն ուղղակի ճանաչեն: Պետք է մարզիկի հոգեբանությունն իմանալ եւ փորձառություն ունենալ: Մարզիչ լինելը այն չէ, որ ձեռնաթաթերը պահես եւ ասես՝ աջ հարվածի, ձախ հարվածի:

Դուք կանխազգո՞ւմ էիք Վիկի պարտությունը:

Այո, ես կանխազգում էի: Ավելի շատ կանխազգում էի, որ պարտվելու է, քան պարտության մատնելու Դոներին:  Զգում էի, որ այս մենամարտում նա պարտվելու է: Նա ունակ էր հաղթելու, ցանկություն ուներ հաղթելու, միայն պետք էր ճիշտ ուղղորդել եւ ճիշտ տակտիկա մշակել: Վիկը մարտնչող տղա է, մարտիկ է: Ափսոս, որոշակի թերությունների պատճառով պարտվեց:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով