12:52  ,  10 հուլիսի, 2013

Լեւոն Արոնյան․ Ամեն ինչ կանեմ Հենրիխ Մխիթարյանին օգնելու համար

«Գերմանիայում Հենրիխ Մխիթարյանը կկարողանա ապացուցել, որ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից է»։

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց աշխարհի երկրորդ ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը։ 30-ամյա շախմատիստը մեկնաբանեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխությունը։

«Շատ ուրախ եմ, որ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Գերմանիա: Նա կկարողանա ապացուցել, որ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից է: Ես՝ որպես Գերմանիայի հնաբնակ, պատրաստ եմ ամեն բան անել Հենրիխին օգնելու համար, որպեսզի նա շուտ հարմարվի նոր երկրին:

Իմ փորձը ցույց է տալիս, որ Գերմանիան մարզիկների համար շատ լավ երկիր է: Այստեղ կյանքը շատ հանգիստ է եւ շատ է տարբերվում Հայաստանի կյանքից: Հենրիխն իր խառնվածքով ու աշխատասիրությամբ կարող է իրեն անհրաժեշտ էներգիան ստանալ այնտեղ:

Գերմանական թիմերից ես միշտ համակրել եմ Դորտմունդի «Բորուսիային»: Այժմ կսկսեմ իսկապես երկրպագել այդ թիմին»,- զրույցում հայտնեց Արոնյանը։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում