21:56  ,  21 ապրիլի, 2024

ԵԱ. Գուրգեն Մադոյանը պարտվեց 1/8 եզրափակիչում (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Գուրգեն Մադոյանը պարտվեց 1/8 եզրափակիչում:

71 կգ քաշային Մադոյանը քառորդ եզրափակիչի ուղեգրի համար մրցեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Ստեֆան Սավկովիչի հետ եւ պարտվեց 2:5 հաշվով:

Առաջին ռաունդում մրցավարները առավելությունը տվեցին Հայաստանի ներկայացուցիչին, միայն մեկ մրցավար հաղթանակը տվել էր Չեռնոգորիայի ներկայացուցիչին: Երկրորդ ռաունդում միավորներով առավել էր Ստեֆան Սավկովիչը: Երրորդ ռաունդում Գուրգեն Մադոյանն ավելացրեց ճնշումը: Հոնքի վնասվածք ստացավ: Բժշկի զննումից հետո նա շարունակեց մենամարտը: Մենամարտն ավարտվեց 5:2 հաշվով՝ Սավկովիչի հաղթանակով:

Ապիլի 20-ին Մադոյանը որակավորման փուլում 5:0 հաշվով առավելության էր հասել  Հունգարիան ներկայացնող Ռոմեո Բուզայի նկատմամբ:

4-րդ մրցումային օրը վստահ հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ) եւ Համլետ Հարությունյանը (86 կգ): Բազեյանը 1/8 եզրափակիչում 5:0 հաշվով պարտության մատնեց լեհ Յակուբ Կրժպյեդին: Արարատ Հարությունյանը 5:0 հաշվով հաղթեց լեհ Մատեուս Գրեժբերին: Համլետ Հարությունյանը որակավորման փուլում 4:3 հաշվով հաղթեց սլովակ Ժոզեֆ Կոստուրին:

Քառորդ եզրափակիչում Բազեյանի մրցակիցը կլինի Իտալիայի ներկայացուցիչ Ջուզեպե Կանոնիկան, Արարատ Հարությունյանի մրցակիցը՝ Սլովակիայի ներկայացուցիչ Նեչ Պետրիկը:

Եվրոպայի առաջնությունում Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից հաղթանակներով են տարել Արթուր Սահակյանը (60 կգ) , աշխարհի ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ), պարտություններ են կրել Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում