21:49  ,  14 սեպտեմբերի, 2012

Յոշիտակե Հիրոֆումի. Հայաստանում մեզ շատ լավ են ընդունել

Սեպտեմբերի 14-ին Հանքավանում ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Ճապոնիայի հասակակիցների հետ: Հայաստանի հավաքականը պարտություն կրեց  0:7 հաշվով:

Ճապոնացիների կազմում հանդես էին գալիս բացառապես 1996 թվականին ծնված ֆուտբոլիստներ, իսկ Հայաստանի հավաքականում միայն 1997 թվականին ծնված ֆուտբոլիստներ: Այս տարիքային խմբում մեկ տարվա տարբերությունը մեծ նշանակություն ունի ֆուտբոլիստների խաղային որակների զարգացման տեսանկյունից: Բացի այդ, Արթուր Ոսկանյանի թիմը նորաստեղծ է եւ  դեռեւս խաղային պրակտիկա չունի:

Ճապոնիայի հավաքականը սեպտեմբերի 11-ից Հայաստանում ուսումնամարզական հավաք է անցկացնում՝ նախապատրաստվելով Ասիայի առաջնության եզրափակիչ մրցաշարին, որը կանցկացվի Իրանում:

NEWS.am Sport-ի  թղթակիցը զրուցել է Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոշիտակե Հիրոֆումիի հետ:

Պարոն Հիրոֆումի ինչո՞ւ նախընտրեցիք նախապատրաստվել Ասիայի առաջնությանը Հայաստանում:

Հայաստանն ու Իրանը գտնվում են գրեթե նույն ժամանակային գոտում: Այդ առումով մենք շատ լավ հնարավորություն ունենք այստեղ ադապտացվելու եւ դրա հետ մեկտեղ հարմարվելու թե եղանակային պայմաններին, թե  կլիմային: Բացի այդ մենք հնարավորություն ունենք այստեղ ընկերական երկու հանդիպում անցկացնել Հայաստանի մինչեւ 16 եւ մինչեւ 17 տարեկանների հավաքականների հետ:

Այսօր դուք խոշոր հաշվով հաղթեցիք մինչեւ 16 տարեկանների Հայաստանի հավաքականին, բայց գիտեիք, որ մեր տղաները մեկ տարով կրտսեր են ձեր ֆուտբոլիստներից:

Այդ տարբերությունն իր ազդեցությունն ունեցավ խաղի ընթացքի եւ արդյունքի վրա: Խաղի ընթացքում զգացվեց մեր ֆուտբոլիստների ավելի հասուն խաղը, բացի այդ մեր թիմն ավելի լավ էր համագործակցում: Սակայն ես ձեր թիմի կազմում նկատեցի մի քանի ֆուտբոլիստների, ովքեր շատ լավ տեխնիկայի են տիրապետում եւ կարծում եմ՝ նրանց խաղը դեռ զարգացում կունենա:

Իսկ մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ խաղին ինչպե՞ս եք նախապատրաստվելու:

Ոչ մի տարբերություն չկա: Բոլոր խաղերին մենք նույն ձեւով ենք նախապատրաստվում, բայց ակնկալում եմ, որ երկուշաբթի մենք ավելի ուժեղ թիմի հետ կխաղանք:

Ասիայի առաջնությունում դուք ի՞նչ նպատակ եք հետապնդելու:
Նպատակը մեկն է՝ հաղթել մրցաշարում եւ ասեմ, որ Հայաստանում  անցկացրած ուսումնամարզական հավաքը կնպաստի այդ գործին: Այստեղ մեզ շատ լավ ընդունել են եւ մեզ համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով