20:48  ,  23 օգոստոսի, 2012

Գաբրիել Սարգսյան. Ուրախությունը կրկնակի կլինի, եթե հաղթենք Թուրքիայում

«Ես ինձ լավ եմ զգում հանգիստ միջավայրում եւ Օլիմպիադայից առաջ ամենից շատ հանգստության կարիք ունեմ»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:

Օգոստոսի 27-ին Ստամբուլում կմեկնարկի Համաշխարհային շախմատային օլիմպիադան: Հայաստանի հավաքականը գլխավոր ֆավորիտներից մեկն է: Շատերը հիշում են, թե ինչպես 2006-ի Թուրինի Օլիմպիադայի ժամանակ չորրորդ խաղատախտակին հանդես եկած Գաբրիել Սարգսյանը ցուցադրեց ֆանտաստիկ  արդյունք: Նա տարավ յոթ հաղթանակ եւ վեց պարտիա ավարտեց ոչ ոքի` 13 հնարավորից հավաքելով 10 միավոր: Այս խաղերում էլ Գաբրիելից սպասելիքները շատ են:

Գաբրիել, ի՞նչն եք կարեւորում հավաքների ժամանակ:

Ամենից կարեւորն այն է, որ թիմային ոգին լավ լինի: Պետք է ամեն բան անել, որպեսզի ուրախ ընկերական մթնոլոտ ստեղծենք եւ այդ տրամադրությամբ մեկնենք Օլիմպիադա:

Քեզ ի՞նչն է ոգեւորում եւ ոգեշնչում կարեւոր մրցաշարերի ժամանակ:     

Առանձնահատուկ բաներ չկան: Ինձ համար ամենակարեւորը հանգստությունն է, որպեսզի խաղերից առաջ կարողանամ կենտրոնանալ միայն շախմատի վրա:

Իսկ ի՞նչն է նպաստում լավ հոգեվիճակ ունենալուն:

Երեւի թե երաժշտությունը կարող է օգնել, բայց եթե հանգիստ երաժշտություն լինի:

Կթվե՞ս մի քանի երաժշտական կատարումներ, որոնք լսում ես մրցումներից առաջ:

Այդ պահերին սիրում եմ լսել դասական երաժշտություն:

Իսկ հեռուստացույց դիտելն ու համակարգչից օգտվելու ժամանակը  սահմանափակո՞ւմ ես:

Հեռուստացույց դիտելու ժամանակ չեմ ունենում: Այս դարում առանց ինտերնետ չի լինում, բայց էլի աշխատում եմ ինձ զրկել դրանից:  Այն մրցաշարերը, որտեղ հնարավորություն չի լինում մտնել ինտերնետ, ինձ համար շատ հաջող են անցնում:

Մրցաշարերից հետո մտնո՞ւմ ես ինտերնետ՝ վերլուծություններ կարդալու:

Ես կարող եմ իմ համակարգչով էլ նայել, բայց չեմ նայում: Իմաստ չեմ տեսնում, որպեսզի խաղից հետո մարդը համակարգչի միջոցով փորձի գտնել իր սխալները կամ հնարավոր այլ տարբերակները: 

Օլիմպիադայի ժամանակ խաղի ավարտից հետո ինչպե՞ս եք անցկացնում երեկոները:

Հիմնականում զբոսնում ենք, զրուցում ենք միմյանց հետ: Բայց ես իմ էությամբ ինձ լավ եմ զգում, երբ հանգիստ միջավայրում եմ: Երբ շատ մարդ է լինում, ես ինձ լավ չեմ զգում:

Մարզիկներին այս հարցը շատ են տալիս: Առավել հետաքրքիր է շախմատիստների պատասխանը: Սիրահարված լինելը օգնո՞ւմ է, թե՞ խանգարում է ձեզ մրցումների ժամանակ:

Նայած  սիրահարվածության որ փուլում ես գտնվում: Եթե սկզբնական փուլում է, բնականաբար խանգարում է: Իսկ եթե արդեն հանգիստ փուլում է` օգնում է: Ցանկացած մարզիկի համար ամենակարեւոր բանը հոգեկան հանգստությունն է, որպեսզի կենտրոնոնաս միայն շախմատի վրա:

Ունե՞ս սիրած աղջիկ:

Այո:

Դու արդեն մեկ անգամ Ստամբուլում հաղթող ես դարձել պատանեկան Օլիմպիադայում: Որքանո՞վ կարող է ազդել այն հանգամանքը, որ Օլիմպիադան տեղի է ունենալու Թուրքիայում:

Իհարկե, դա իր ազդեցությունն ունի: Ցանկացած հայի մոտ այդպես է, բայց մենք պետք է այնպես անենք, որ դա մեզ չխանգարի: Պետք չէ լարվել ու ինչ-որ բան ապացուցել. դա կխանգարի: Հաղթելուց հետո կխոսենք: Պարտվելուց կապ չունի, թե որտեղ ես պարտվել: Եթե հաղթենք ուրախությունը կրկնակի կլինի, քանի որ հաղթել ենք Թուրքիայում:

Ի՞նչ ես հիշում Ստամբուլում կայացած  1998-ի պատանեկան Օլիմպիադայից:

Այդ ժամանակ մեր թիմը շատ ուժեղ էր: Այսօրվա մեր հավաքականի հինգ տղաներից երեքը այն ժամանակ ընդգրկված էին թիմում՝ Լեւոն Արոնյանը, Տիգրան Պետրոսյանը, ես, ինչպես նաեւ Վարուժան Հակոբյանը, ով այժմ խաղում է ԱՄՆ-ի հավաքականի կազմում: Քանի որ ուժեղ  էինք, հեշտությամբ հաղթեցինք եւ շատ ուրախացանք: Հիշում եմ, տեղի հայերը նույնպես շատ էին ուրախացել: Դա շատ կարեւոր մրցաշար էր, որը մեզ շատ մեծ ուժ տվեց:

Կա՞ այնպիսի շախմատիստ, ով խաղում է քեզ հետ նույն խաղատախտակի վրա, ում հետ այդքան էլ չես ցանկանում հանդիպել:

Ոչ, չկա այդպիսի մրցակից: Եթե մենք պայքարելու ենք առաջին տեղի համար, անիմաստ է նախապես տրամադրվել այդպես:

Ո՞ր թիմերն են Հայաստանի հիմնական մրցակիցները:

Ռուսաստանը, Ուկրաինան, Չինաստանն ու Ադրբեջանը: ԱՄՆ-ն ու Իսրայելը նույնպես ուժեղ են: Բայց հիմնական ֆավորիտը Ռուսաստանն է:

Ի՞նչ առավելություններ ունի Հայաստանի հավաքականը մրցակիցների նկատմամբ:

Գիտեմ`  բոլոր թիմերն ասում են սա, բայց ասեմ, որ մեր թիմում իսկապես կա թիմային ընկերական ոգի: Ինձ թվում է, այս հարցում մենք ինչ-որ տեղ մյուսներից առավել ենք: Թիմում բոլորս ջերմ հարաբերություններ ունենք:

Շախմատում կարեւոր է միայն մտավոր հնարավորությո՞ւնները, թե՞ հաջողության գործոնը նույնպես կարեւոր դեր ունի:

Ամեն բան կախված է քո պատրաստվածությունից։ Եթե լավ ես պատրաստված, բնականաբար, միշտ մտածում ես, որ լավ է լինելու, բայց դա զգալու հետ կապ չունի:

Կարեւոր է, թե ինչպես ես պատրաստվել, ինչ մարզավիճակում ես: Բայց բախտի գործոնը նույնպես կա: Կապ ունի թե, որ մրցակցի հետ, ինչ գույնով ես խաղալու, մրցակցի մարզավիճակը: Բայց դա իրենց խնդիրն է, մենք պետք է ձգտենք ցուցադրել մեր լավագույն խաղը:

Զրուցեց Վերա  Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով