Ադրբեջանցի ըմբիշը չի զսպել արցունքները Վազգեն Թեւանյանի պարգեւատրման ժամանակ (ֆոտո)

01:10   6 օգոստոսի, 2018

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թեւանյանին պարտված ադրբեջանցի Ինտիհամ Վալիզադան պարգեւատրման արարողության ժամանակ չի կարողացել զսպել արցունքները:

Եզրափակիչում հայ ըմբիշը ադրբեջանցի մրցակցին հաղթել էր 5:2 հաշվով եւ դարձել Եվրոպայի երիտասարդական չեմպիոն:

Հիշեցնենք, որ նախօրեին Վազգեն Թեւանյանը 2 հաղթանակով (7:1, 12:0) մեկնարկելուց հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ 8:1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ֆրանսիան ներկայացնող Արման Էլոյանի նկատմամբ: Արման Էլոյանը պարտություն է կրել նաեւ բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտեց 3 ոսկե եւ 2 բրոնզե մեդալով՝ հանդես գալով 8 ըմբիշով: Հայաստանը թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը՝ Ռուսաստանին ու Թուրքիային: Եվրոպայի երիտասարդական չեմպիոն հռչակվեցին Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (61 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), իսկ Գեղամ Գալստյանը (65 կգ) եւ Արման Անդրեասյանը (70 կգ) դարձան բրոնզե մեդալակիրներ:

Հատկանշական է, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի բոլոր՝ 8 ըմբիշները Եվրոպայի առաջնությունում անցկացրին մեդալի համար գոտեմարտ:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել էր 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը: Հունահռոմեական ըմբիշներից Եվրոպայի երիտասարդական չեմպիոն էր դարձել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը, իսկ Արարատ Մանուչարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ) եւ Դավիթ Հովասափյանը (130 կգ) արժանացել էին արծաթե մեդալի: 

Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ժենյա Խաչատրյանն անհաջող էր հանդես եկել 59 քաշային կարգում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։