Հայկական սպորտ-2017․ 10 գլխավոր իրադարձությունները (ֆոտո)

17:08   25 դեկտեմբերի, 2017

NEWS.am Sport-ն առանձնացրել է 2017 թվականին հայկական սպորտի 10 կարեւորագույն իրադարձությունները:

1 Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն

Հայկական սպորտը 2017 թվականին ունեցավ աշխարհի եռակի չեմպիոն։ Օգոստոսին Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ իր մարզական կարիերայում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը Փարիզի մրցագորգում 5 փայլուն գոտեմարտեր անցկացրեց եւ նվաճեց ոսկե մեդալը:

2․ Մաքսիմ Մանուկյանի անակնկալը՝ աշխարհի չեմպիոնի տիտղոս

Մրցաշրջան-2017-ում փայլեց նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ, 80 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը՝ իր մարզական կարիերայում առաջին անգամ հռչակվելով աշխարհի չեմպիոն: Աշխարհի ոսկե մեդալը կրծքին փայլելուց հետո նորընծա աշխարհի չեմպիոնը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ իր հաղթանակը նվիրում է լուսահոգի հորը:

3․ Լեւոն Արոնյանը՝ աշխարհի կրկնակի գավաթակիր

Թբիլիսիում անցկացված շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում (մասնակցում էր նաեւ աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը) հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) 12 տարի անց դարձյալ հռչակվեց աշխարհի գավաթակիր:

Արոնյանը աշխարհի գավաթը նվաճեց սեպտեմբերի 27-ին, իսկ երկու օր անց Սաղմոսավանքում կայացավ նրա հարսանիքը:

Լեւոն Արոնյանը 2017-ը գնահատել է իր մարզական կարիերայի լավագույն տարիներից մեկը: Այս հաղթանակը Հայաստանի առաջատար շախմատիստին շատ հարկավոր էր, քանի որ նա 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճեց, ինչը նրա գերնպատակն էր այս տարի:

Չնայած Լեւոն Արոնյանի անհատական հաջող մրցելույթներին, այս տարվա Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց Հայաստանի հավաքականը հաջող հանդես չեկավ: Հայաստանի թիմը ձախողեց ԵԱ-ն եւ գրավեց 14-րդ տեղը:

4․ Հովհաննես Բաչկովը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայկական բռնցքամարտի առաջատար, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովի համար 2017-ը մարզական կարիերայի լավագույն տարին էր: Բռնցքամարտիկը օգոստոսին Համբուրգում կայացած աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ:

5․ Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի հավաքականի առաջատարը երկար տարիներ անց Հայաստանի համար նվաճեց Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը: Հունիսին Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Բաչկովը առաջին անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ 7 տարի Հայաստանը չէր ունեցել բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն՝ Հրաչիկ Ջավախյանի հաղթանակից հետո:

6․ Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի առաջատար, Ռիո-2016-ի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ապրիլին Խորվաթիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը՝ երկամարտի 414 կգ (184+230) արդյունքով:

ԵԱ-ում 20-ամյա օլիմպիական փոխչեմպիոնը  նվաճեց նաեւ պոկում ու հրում վարժությունների ոսկե մեդալները: Սիմոն Մարտիրոսյանը Խորվաթիայում 17 կգ-ով հետ թողեց արծաթե մեդալակիր, բուլղարացի Վասիլ Գոսպոդինովին:

2017թ․ Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճեցին նաեւ օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը՝ արծաթ, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալներ: Երկուսն էլ հանդես եկան +105 կգ քաշային կարգում։

Եվս երկու բրոնզե մեդալներ նվաճեցին ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականից 75 կգ քաշային Սոնա Պողոսյանն ու 90 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը:

2017-ի Եվրոպայի առաջնությունը Հայաստանի հավաքականի համար նշանավորվեց նաեւ Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերում արմունկի վնասվածք ստացած Անդրանիկ Կարապետյանի վերադարձով։ Նա առաջին փորձն էր կատարում մրցահարթակում նոր քաշային կարգում՝ 85 կգ: Անդրանիկ Կարապետյանը ցույց տվեց 5-րդ արդյունքը:

7․ Ծանրամարտի Հայաստանի հավաքականի որակազրկումը

Հայկական ծանրամարտի համար տարեվերջը անկումային էր: Եվրոպայի առաջնության փայլուն հաղթանակից հետո, բոլորն ակնկալում էի նաեւ աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալը տեսնել Սիմոն Մարիտրոսյանի կրծքին, բայց սեպտեմբերի 30-ին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հակադոպինգային կանոնադրության խախտումների համար Հայաստանին որակազրկեց մեկ տարով

Հայաստանի հետ որակազրկվեց եւս 9 երկիր՝ նախորդ տարիներին դոպինգի 3-ից ավելի դրական պատասխան ունեցած հավաքականներին: Հայաստանը պատժվեց 2008 եւ 2012 թվականների Օլիմպիական խաղերում դոպինգ օգտագործելու պատճառով եւ զրկվեց աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից:

Օրերս ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտարարեց, որ միջազգային ֆեդերացիան կկրճատի Հայաստանի որակազրկումը եւ 2018-ի մայիսից հավաքականները կրկին կվերադառնան միջազգային մրցահարթակ: Այդ նույն ժամանակաշրջանում որակազրկումից կազատվեն նաեւ Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տիգրան Մարտիրոսյանը, որոնք արդեն շուրջ 2 տարի զրկված են միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից:

8․ Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Մեդալառատ 2017-ը շարունակեցին ըմբիշները: Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նախ՝ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը կասկածի տակ էր ծնկի վիրահատության պատճառով, բայց եւ այնպես Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Սերբիայի մրցագորգ: ԵԱ-ում օլիմպիական չեմպիոնը նվաճեց բրոնզե մեդալ, որը հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի թիմի միակ մեդալն էր Եվրոպայի առաջնությունում:

Իսկ ազատ ոճայինների համար ԵԱ-ն հունահռոմեականների համեմատ ավելի «հարուստ» ստացվեց. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի ղեկավարած թիմը հայրենիք վերադարձավ 3 բրոնզե մեդալներով՝ Վալոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ) եւ Լեւան Բերիանիձե (125 կգ):

Եվրոպայի առաջնությունից հետո ազատ ոճայինների մարզչական շտաբում փոփոխություններ տեղի ունեցան. Օլիմպիական փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանը անսպասելի հրաժարվեց հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: Նրան փոխարինեց հավաքականի մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում այս տարի կյանքն այդքան էլ խաղաղ չէր. Ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարվեց գործարար Սամվել Կարապետյանը: Քանի որ նրան համապատասխան փոխարինող չգտնվեց, ֆեդերացիայի նախագահությունը ժամանակավոր ստանձնել է Հայաստանի սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

9․ Հարություն Մերդինյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Տարին մարմնամարզիկների համար մեկնարկեց Եվրոպայի առաջնությունով, որտեղ  2016 թվականի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը ապրիլին նվաճեց բրոնզե մեդալ

Այս տարվա ԵԱ-ն այդքան էլ հաջող չստացվեց հայ մարմնամարզիկների համար՝ համեմատած նախորդ տարվա, որտեղ Հարություն Մերդինյանը դարձել էր ոսկե մեդալակիր եւ եւս 3 մարմնամարզիկներ Եվրոպայի փոխչեմպիոններ: 2017-ի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն ունեցավ եզրափակիչի 4 մասնակից։ 

10․ Ունիվերսիադա-2017. Սիմոն Մարտիրոսյանի, Գոռ Մինասյանի եւ Արթուր Թովմասյանի չեմպիոնությունը

Թայվանում կայացած Համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանը նվաճեց 3 ոսկե մեդալ: Իր մարզական կարիերայում երկրորդ անգամ Ունիվերսիադայի չեմպիոն դարձավ մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը, որը հավասարը չունեցավ օղակների վարժությունում:

Հայաստանի համար ոսկե մեդալներ նվաճեցին նաեւ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը: Սիմոն Մարտիրոսյանը Ունիվերսիադա 2017-ի չեմպիոն է դարձել երկամարտի 401 կգ, իսկ Գոռ Մինասյանը՝ 430 կգ արդյունքով:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։