23:01  ,  4 մայիսի, 2017

ԵԱ. Ֆրանգուլյանն ու Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանի համար բրոնզե մեդալներ են նվաճել Վոլոդյա Ֆրանգուլյանն ու Գրիգոր Գրիգորյանը:

61 կգ քաշային կարգում Վոլոդյա Ֆրանգուլյանը երրորդ տեղի համար մրցեց թուրք Աբդի Զուրնաչիի հետ եւ առավելության հասավ 10:0 հաշվով:

Վոլոդյա Ֆրանգուլյանը կիսաեզրափակիչում 1:11 հաշվով պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող Ախմեդ Չակաեւին: Նա մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:4 հաշվով հաղթել էր սլովակ Միկոլա Բոլոտնյուկին, իսկ հաջորդ փուլում 13:2 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Դիմիտար Իվանովին:  

74 կգ քաշայինների երրորդ տեղի համար գոտեմարտում Գրիգոր Գրիգորյանը 9:3 հաշվով առավելության հասավ հույն Կիրիլոս Բինենմպաումի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Գրիգորյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից՝ 10:1 հաշվով հաղթելով ավստրիացի Ամիրխան Վիսալիմովին: Երկրորդ գոտեմարտում նա մրցել էր լեհ Պյոտր Սոկալսկու հետ եւ առավելության հասել 6:0 հաշվով: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը  5:4 հաշվով ուժեղ էր գտնվել վրացի Ավտանդիլ Կենտչաձեից, կիսաեզրափակիչում, լարված պայքարում 6:8 հաշվով պարտվել թուրք Սոմեր Դեմիրտասին:

Եվրոպայի առաջնության նախորդ 2 մրցումային օրերին Հայաստանի հավաքականից հանդես են եկել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ), որոնք մեդալ չեն նվաճել:

Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ մայիսի 5-ին, մեդալի համար կպայքարեն Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչները՝ Վալտեր Մարգարյանը (70 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում