13:15  +04,  19 մայիսի, 2019

Վարդան Մինասյան. Կարծում եմ՝ Մխիթարյանը պետք է չմեկնի Բաքու

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, այժմ «Արարատ-Արմենիան» գլխավորող Վարդան Մինասյանը կարծիք է հայտնել, որ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պետք է չմեկնի «Չելսիի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչի հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում:

«Եթե մի տեղ կա անվտանգության խնդիր, իսկ այս դեպքում կա այդ խնդիրը, կարծում եմ, որ պետք չէ գնալ: Մնացած բոլոր խնդիրները դու կարող ես լուծել, բայց եթե մարդու անձի անվտանգության հարցն է դրված, էլ ի՞նչ ֆուտբոլի մասին է խոսքը»,- Մինասյանի խոսքը մեջբերում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանի հավաքականի ավագն անվտանգության նկատառումներով չի մեկնելու Ադրբեջանի մայրաքաղաք: Նշվում էր, որ «Արսենալն» այդ հարցով վերջնական որոշում կկայացնի հաջորդ շաբաթ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան վստահեցրել էր, որ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի եզրափակիչի մասնակցության հետ կապված խնդիրներ չի ունենա։

«Բաքվում անցկացվել են բազմաթիվ մրցումներ, որոնց մասնակցել են հայ մարզիկներ։ Սպորտը քաղաքականությունից դուրս է»,- ասել էր Աբդուլաեւան:

Մայիսի 10-ին ՈւԵՖԱ-ն եւս հայտարարել էր, որ Հենրիխ Մխիթարյանին ոչինչ չի սպառնում Ադրբեջանում Եվրոպայի լիգայի եզրափակիչի ժամանակ։

«Մենք երաշխիքներ ենք պահանջել, որ Մխիթարյանը ոչ մի խնդիր չի ունենա։ Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ Մխիթարյանը Ադրբեջան մուտքի եւ Բաքվում կեցության հետ կապված ոչ մի խնդիր չի ունենա, կձեռնարկվեն անվտանգության համար բոլոր անհրաժեշտ միջոցները»,- նշվում է ՈւԵՖԱ-ի հայտարարությունում։

Մխիթարյանը Արդբեջանի սահմանապահների «սեւ ցուցակում» է Արցախ բազմիցս այցելելու պատճառով։ Նախկինում հայ կիսապաշտպանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ