16:02  ,  17 մայիսի, 2024

«Նոան» առաջարկել է փոխել «Փյունիկի» հետ հանդիպման մրցավայրն ու ժամը

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Նոան» պաշտոնական հաղորդագրությամբ առաջարկել է փոխել «Փյունիկի» դեմ 35-րդ տուրի հանդիպման մրցավայրն ու ժամը։ Այն նախատեսված է մայիսի 21-ին (երեքշաբթի) 17:00-ին։

«Հարգելի ֆուտբոլասերներ, հարգելի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ, հաշվի առնելով Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի «Փյունիկ» - «Նոա» խաղի կարևորությունը՝ մեր ակումբը պաշտոնապես առաջարկում է «Փյունիկ» ՖԱ-ին` համատեղ դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ խաղի անցկացման վայրը և ժամը տեղափոխելու նպատակով։

Նշենք, որ նշանակված «Ջունիոր սպորտ» մարզադաշտն ունի ընդամենը 1188 նստատեղ, իսկ մարզադաշտի տեխնիկական հնարավորություններով պայմանավորված նշանակված ժամը՝ 17:00-ն, երկրպագուների և հեռուստադիտողների համար ոչ prime-time, ոչ նպատակահարմար ժամ է։

«Նոա» ֆուտբոլային ակումբն առաջարկում է վճռորոշ խաղն անցկացնել ավելի շատ երկրպագուներ հյուրընկալելու հնարավորություն ունեցող մարզադաշտում: Առաջարկում ենք, որ հյուրընկալ թիմն ինքն ընտրի համապատասխան մարզադաշտը:

Լիահույս ենք, որ գործընկեր ակումբը կընդունի մեր առաջարկը՝ ֆուտբոլային իրական տոն պարգևելով բազմաթիվ ֆուտբոլասերների, որոնք ցանկանում են մարզադաշտից հետևել ՀՊԼ կարևորագույն խաղերից մեկին»,- նշվում է «Նոայի» հաղորդագրությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում