20:40  ,  14 մայիսի, 2019

Սարգիս Ադամյան. Երազանքս իրականացավ

Գերմանական երկրորդ Բունդեսլիգայի «Յան Ռեգենսբուրգից» Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմ» տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի 25–ամյա հարձակվող Սարգիս Ադամյանը մեկնաբանել է տրանսֆերը, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը։ 

«Երազանքս իրականացավ՝ խաղալ Բունդեսլիգայում։ Տպավորված եմ այն ակտիվությամբ, որը ցուցաբերեց «Հոֆենհայմն» իմ տրանսֆերն իրագործելիս։ Պարտավոր եմ արդարացնել այդ վստահությունը։ Ես ցանկանում եմ դառնալ Բունդեսլիգայի հաղթող։ Դրա համար պայմաններ այստեղ կան»,– ասել է հայ ֆուտբոլիստը, որը երեք տարվա պայմանագիր է կնքել «Հոֆենհայմի» հետ։

Սարգիս Ադամյանը «Յան Ռեգենսբուրգի» կազմում երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում խփել է 15 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Գերմանիայի առաջնության վերջին տուրից առաջ «Հոֆենհայմը» 51 միավորով 8–րդ տեղում է եւ 1 միավոր է հետ Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր ընձեռող 7–րդ տեղից, որն այժմ զբաղեցնում է «Վոլֆսբուրգը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում