16:49  ,  22 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Հայ օլիմպիականներ. Մարգարիտա Հովակիմյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է օգոստոսի 29-ին Լոնդոնում մեկնարկող 14-րդ Պարալիմպիկ խաղերում Հայաստանի օլիմպիականներին:

Մարգարիտա Հովակիմյան. լող

Ծնվել է 1995 թվականի ապրիլի 15-ին։

Անհատական մարզիչն է  Այծեմնիկ Մինասյանը։

Ամուսնացած չէ։

Օլիմպիական ուղեգիր նվաճել է այս տարվա մայիսին ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում։

Լողով մարզվում է 2005 թվականից։

2010 թվականին Ռուսաստանի Տյումեն քաղաքում կայացած լողի սահմանափակ հնարավորություններով մարզիկների Ռուսաստանի առաջնությունում նվաճել է երկու արծաթե մեդալ՝ բրաս եւ ազատ լողաոճերում։ Այստեղ նա  լրացրել է Ռուսաստանի լողի առաջին նորման:

2011 թվականին Ռուսաստանի Դերժինսկ քաղաքում կայացած մրցաշարում տարբեր մրցաձեւերում նվաճել է 6 մեդալ՝ երեք արծաթ, երկու բրոնզ եւ մեկ ոսկի։

Մարգարիտա Հովակիմյան

Առանց ջրի կյանք չունեմ...

 «Չեմ պատկերացնում օրս առանց լողավազանի։ Երբեմն կատակով ասում են՝ մնա ջրի մեջ։ Ես պատրաստ եմ մնալ ջրում, ապրել, այնտեղ քնեմ, սնվեմ ու անդադար լողալ։ Արդեն շուրջ յոթ տարի է զբաղվում եմ լողով, բայց պրոֆեսիոնալ լողով զբաղվում եմ վերջին 4 տարիներին։ Առաջին մրցումս եղել է 2010-ին, որտեղ ես դրաձա արծաթե մեդալակիր։ Հետո Դերժինսկում արդեն բարելավեցի արդյունքս եւ հասա ոսկուն, ինչպես նաեւ արծաթ ու բրոնզ տարբեր լողաոճերում։ Այսպիսի արդյունքներ ունեմ նաեւ Հայաստանի առաջնություններում։ Կցանկանայի հաղթանակներ տանել նաեւ այլ երկրներում` բարձր պահելով Հայաստանի անունը։

Մեկնում եմ Լոնդոն...

«Սա իմ երազանքներից մեկն էր։ Շատ ուրախ եմ, որ մասնակցելու եմ։ Դա նշանակում է, որ ես զուր չեմ անցկացնում իմ օրերը լողավազանում, չնայած որ լողալ շատ եմ սիրում։

Բայց Պարալիմպիկ խաղերին մասնակցելով` ես չեմ սահմանափակվում, երազանքս դեռ չի իրականացել։ Դա աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելն է։ Ձգտում եմ հաջողություններ ունենալ լողում։ Սիրով եմ զբաղվում լողով»։

Ակնկալիքներ

«Ինքս ինձանից ակնկալիքներ բնական է, որ ունեմ։ Բայց չեմ կարող հստակ ասել՝ այո, ես պատրաստ եմ մեդալ նվաճել։ Օլիմպիական խաղեր են եւ ամեն ինչ անկանխատեսելի է։ Կանեմ ամեն ինչ իմ հնարավորությունների սահմաններում։ Բայց եթե մեդալով չվերադառնամ չեմ տխրի, ես դեռ փոքր եմ տարիքով, իսկ սպորտը երբեք չեմ թողնելու»։

Այծեմնիկ Մինասյան

«Մարգարիտան հեռանկարային լողորդ է։ Նա նրա առաջին Խաղերն են։ Բնական է, որ մեծ ակնկալիքներ պետք է ունենամ։ Նա շատ լավ մարզիկ է, օժտված է բոլոր սպորտային հատկություններով, բարձր որակներով։ Մարգարիտան կարող է անել այն, ինչ մենք սպասում ենք բոլորս։

Ես նրա հետ աշխատում եմ արդեն 8 ամիս։ Մինչ այդ նա մարզվել է լողով, բայց ոչ պարբերաբար։ Սիրով մարզվում է, մարզավիճակն էլ հրաշալի է։ Օրական չորս ժամ նա անցկացնում է ջրում։ Մեծ ակնկալիքներ ունենք, որ Մարգարիտան պետք է հաղթի»։

Մարգարիտա Հովակիմյանը օլիմպիական մեկնարկ դուրս կգա սեպտեմբերի 5-ին, 100 մետր բրաս լողաոճում։

Ֆոտո` Սոնա Բարսեղյան

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով