17:03  +04,  7 մայիսի, 2019

Աշոտ Վարդապետյան․ Ռաֆայել Վահանյանն այն եզակի անձնավորություններից է, որի համար պետք է ընդունվեն հատուկ որոշումներ

Ալբերտ Ազարյանը, չնայած իր պատկառելի տարիքին, աշխատում է չէ՞ իր անվան մարզադպրոցում: Մենք էլ ուզում ենք, որ մեր կենդանի լեգենդ Ռաֆայել Վահանյանը շարունակի աշխատել իր իսկ դպրոցում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ծաղկաձորում ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ, մրցավարական հանձնաժողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար, Շախմատի միջազգային ֆեդերացիայի կանոնների հանձնաժողովի պատվավոր նախագահ Աշոտ Վարդապետյանը:

Մայիսի 7-ին Երեւանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ «Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար: Ներկայումս դպրոցի տնօրեն է հանդիսանում Երեւանի պատվավոր քաղաքացի, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, ում անունով էլ կոչվում է դպրոցը: Հայ գրոսմայստերները բաց նամակով դիմել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ Ռ. Վահանյանի դպրոցի տնօրենի մրցույթի վերաբերյալ:

Պարոն Վարդապետյան, մայիսի 7-ին մեկնարկում է Ռաֆայել Վահանյանի շախմատի դպրոցի տնօրենի հաստիքի մրցույթը: Ստեղծված կոնֆլիկտի ի՞նչ լուծում եք տեսնում:

Հարկ եմ համարում նշել, որ շախմատի դպրոցը չի հիմնվել Ռաֆայել Վահանյանի կողմից, այլ քաղաքապետարանն է հիմնել: Բայց պատահական չէ, որ դպրոցը կոչվել է նրա անունով, քանի որ ավագ սերդնի ներկայացուցիչները, շախմատից մի քիչ հասկացող մարդիկ գիտակցում են, որ Ռաֆայել Վահանյանը կենդանի լեգենդ է եւ բոլորն էլ կհամաձայնեն, որ այստեղ այլ կարծիք լինել չի կարող:

Այլ հարց է, թե որքանով է օրինական կամ ոչ օրինական մարզադպրոցի ստեղծած պայմանները, որ Ռաֆայել Վահանյանը չկարողանա աշխատել: Մի կողմից ձգտում կա ամեն ինչ կատարել օրենքի շրջանակներում, մի կողմից երեւի փորձում են ցույց տալ, որ այս երկրում բոլորը հավասար են: Բայց ես կարծում եմ, որ Ռաֆայել Վահանյանն այն եզակի անձնավորություններից է, որի համար պետք է ընդունվեն հատուկ որոշումներ: Նման հատուկ որոշումներ բոլոր բնագավառներում, բոլոր հասարակություններում ընդունվում են հատուկ անձանց նկատմամբ: Եվ Ռաֆայել Վահանյանը, որը կրում է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը, ով երկար տարիներ ապրելով արտերկրում, սերտորեն կապված է եղել Հայաստանի շախմատի հետ, երկրի պատիվը բարձր պահել բազմաթիվ խոշոր մրցաշարերում, համաշխարհային օլիմպիադաների, աշխարհի առաջնությունների մրցանակակիր է, նրա հանդեպ պետք է ընդունվի հատուկ որոշում:

Համարում եմ, որ այսօրվա մեկնարկած մրցույթը պետք է շուտափույթ կասեցվի: Քաղաքապետարանը, շախմատային աշխարհի ներկայացուցիչների եւ միանշանակ Ռաֆայել Վահանյանի հետ պետք է գտնեն տարբերակեր, թե ինչպես կարելի է այդ դպրոցը վերաձեւավորել, որպեսզի Ռաֆայել Վահանյանը շարունակի մնալ իր անունով դպրոցի տնօրեն: Սա շատ կարեւոր է հայկական շախմատի, երիտասարդ գրոսմայստերների համար, էլ չեմ ասում պատանի շախմատիստների համար, որոնց համար հպարտություն պետք է լինի Ռաֆայել Վահանյանի անվան դպորցում սովորելը նրա անմիջական ղեկավարության ներքո:

Ըստ քաղաքապետարանի, Ռաֆայել Վահանյանի տարիքն այլեւս թույլ չի տալիս շարունակել տնօրինել դպրոցը...

Նա 65 տարեկան է, լիովին աշխատունակ վիճակում, շատ պայծառ ուղեղ ունի, դրանից բացի վայելում է մեծ հարգանք ամբողջ շախմատային աշխարհում, ինչը միայն օգուտ է տալիս իր աշխատանքում: Սա թերեւս ամենակարեւորն է: Ես կարծում եմ, շուտափույթ, շախմատի աշխարհը Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ գտնեն այն լուծումը, որը հնարավորություն կտա Ռաֆայել Վահանյանին շարունակել աշխատել իր դպրոցում:

Ֆեդերացիան ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս հարցում:

Գրոսմայստերները բաց նամակով հանդես եկան, դիմեցին երկրի վարչապետին: Չեմ կարծում, որ այդքան գրոսմայստերի գրավոր հանդես գալը ֆեդերացիայի կարծիք չի... Մեր գրոսմայստերները Հայաստանի շախմատի ֆեդերացիայի անբաժանելի մասն են: Եվ եթե այդքան շախմատիստ հանդես է գալիս հայտարարությամբ եւ հայտնում իր կարծիքը, սա արդեն անուղղակի ցույց է տալիս, թե ինչ դիրքորոշում ունի այս հարցում ֆեդերացիան: Եթե կարիք լիներ, ես նույնպես սիրով կմիանայի այդ բաց նամակ-խնդրանքին: Եթե լինեն քննարկումներ, ինքս կմասնակցեմ, որպեսզի հասկանանք, թե ինչ տարբերակ կարող ենք գտնել Ռաֆայել Վահանյանի համար, որպեսզի թողնենք նրան մեր կողքին Հայաստանում եւ նա լիարժեք կարողանա օգտակար լինել մեր երկրին:

Հանդիպե՞լ եք այս օրերին Վահանյանին, ինչպե՞ս է ընդունում իր անվան շուրջ ստեղված խնդիրը, եւ հնարավո՞ր է՝ լքի երկիրը, եթե խնդիրը լուծում չստանա:

Ես այս թեմայով Ռաֆայել Վահանյանի հետ չեմ զրուցել հատուկ, քանի որ հասկանում եմ՝ իր անվան շուրջ ստեղծված այս աղմուկն էլ իր համար էլ բավական անդուր է: Նա շատ բարձր հատկանիշներով անձնավորություն է, հայրենասեր է եւ երբեք չի ուզենա, որ իր անունը երբեւէ շահարկվի ընդդեմ Հայաստանի, կառավարության կամ երկրի զարգացմանը խոչընդոտող հարցերի շուրջ:

Եթե նա ինչ-ինչ պատճառներով գնա Հայաստանից, ոչ այս խնդրի, ընդհանուր մեկնաբանությունը լինելու է, որ նա այդ պատճառով է գնացել։ Չգնանք ռիսկի, չմտածենք, որ նա կգնա, այլ անենք այն, ինչ պարտավոր ենք:

Օրինակ, ես որպես սպորտին մոտ կանգնած մարդ այսքան տարի ինձ երջանիկ եմ զգացել, որ մինչս օրս ունենք Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց: Եվ ինքն էլ աշխատում է իր դպրոցում՝ չնայած իր պատկառելի տարիքին. չէ որ նա էլ է լեգենդ: Ուրեմն եկեք հարգենք մեր լեգենդին, ոչ թե սպասենք՝ Հայաստանից գնա, նոր սկսենք մտածել՝ ինչ եղավ, ինչպես եղավ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս