14:51  ,  6 մայիսի, 2019

Ռաֆայել Հարությունյան. Հայաստանում գեղասահքի զարգացման համար անհրաժեշտ է հրավիրել լավագույն մասնագետների

Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում անցկացված գեղասահքի Հայաստանի բաց առաջնությանը ներկա էր համաշխարհային գեղասահքում հայտնի մարզիչ Ռաֆայել Հարությունյանը: Առաջնության պատվավոր հյուրը լրագրողների հետ զրույցում պատասխանեց այն հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել հայկական գեղասահքը ճգնաժամային վիճակից հանելու համար:

«Ցանկացած խնդրի լուծման համար անհրաժեշտ է հրավիրել լավագույն մասնագետների՝ սկսած ճգնաժամային մենեջերից եւ մինչեւ սառույցի մասնագետներ: Միայն այդ դեպքում է հնարավոր ճգնաժամից դուրս գալ արագ ու արդյունավետ: Իսկ դրա համար անհրաժեշտ է ֆինանսավորում, պետության ու ժողովրդի աջակցությունը»,- նշեց Ռաֆայել Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Ճապոնիայի Սայտամա քաղաքում այս տարվա մարտին անցկացված գեղասահքի աշխարհի առաջնության տղամարդկանց մենասահքի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Ռաֆայել Հարությունյանի սան, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նաթան Չենը, որն աշխարհի ռեկորդ էր սահմանել ազատ ու կարճ ծրագրերի համագումարում (323.42 միավոր):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս