21:36  ,  9 մարտի, 2019

Արարատի քաղաքապետարանն ու մարզպետարանը մեկ մարզիչի փող չունեն

Արարատ մարզի Զոդ գյուղում սպորտով զբաղվելու մեծ հնարավորություն կա, անվճար, բոլոր պայմաններով ապահոված դահլիճ եւ անվճար հիմունքով երխաների հետ աշխատող մարզիչ, սակայն մարզիչին որեւէ կառույցից ֆինանսական աջակցություն չի տրամադրվում, որպեսզի գոնե հնարավորություն ունենա Արտաշատ քաղաքից ամեն օր հասնել Զոդ՝ մարզումների:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտաշատի բնակիչ, ազատ ոճի ըմբշամարտի նախկին մարզիկ, այժմ մարզիչ Ավետիս Ալեքսանյանը: Զոդի բանավանում արդեն շուրջ 3 տարի գործում է ըմբշամարտի մարզադահլիճ, որտեղ մարզվում են Զոդ գյուղի ավելի քան 50 երեխա: Դահլիճը բաց է բոլոր ցանկացողների համար, բայց հիմնական ուղղվածությունն ըմշամարտն է: Մարզիչը Արտաշատ քաղաքից է եւ այլեւս ֆինանսապես հնարավորություն չունի մարզումների համար հասնել Զոդ: Արարատի քաղաքապետարանը խոստացել է հարցին օրինական լուծում տալու համար հաստիք տրամադրել, բայց խոստումն այդպես էլ իրականություն չի դարձել:

«Մի քանի տարի առաջ ընկերներիս միջոցով տեղացա որ Զոդի բանավանում կա լավ մարզադահլիճ երկու գորգերով, լավ պայմաններ նոր սերունդ աճեցնելու համար: Հավաքեցի երեխաների մեծ խումբ եւ շուրջ երեք տարի մարզվեցինք: Ունենք լավ սերունդ, շուրջ 50 երեխա, որոնք մեծ հեռնկարներ ունեն: Արդեն բազմաթիվ մեդալներ ունենք նվաճած, համայնքային տարբեր մրցաշարերի ենք մասնակցել, նույնիսկ Վրաստանում ենք պատանեկան միջազգային մրցաշարի մանակցել եւ մրցանակային տեղեր զբաղեցրել:

Մարզումներն անվճար են, մարզադահլիճն էլ մեզ տրամադրվում է անվճար հիմունքով: Սկզբնական շրջանում կար մի գործարար, ով ինձ ֆինանսով աջակցում էր ամենամսյա աշխատավարձի տեսքով, սակայն հետո չկարողացավ այլեւս օգնել: Ես էլ այլ գումար վաստակելու միջոց չունեմ: Որոշ ժամանակ սեփական միջոցներով շարունակեցինք մարզումները, որպեսզի երեխաները հետ չմնան, բայց այդ միջոցներն էլ սպառվեցին:

Դիմեցինք Արարատի մարզպետին, քաղաքապետին աջակցություն տրամադրելու համար, բայց խնդրին ոչ մի լուծում չի տրվում: Այժմ մարզումները դադարեցրել ենք: Ափսոսում եմ այն մեծ աշխատանքի համար, որ արել ենք: Զոդի երեխաները սիրով էին հաճախում: Փաստացի այսօր այդ երեխաները դուրսն են մնացել: Քաղաքապետարանը մի պահ խոստացավ հաստիք տրամադրել, բայց հետո հայտարարեց, որ բյուջե չունեն, գումար չկա:

Դիմում եմ սպորտի ղեկավարությանը՝ նախարարությանը եւ ՀԱՕԿ-ին օգնել այս խնդրին լուծում տալ, որպեսզի չկորցնենք ապագա չեմպիոններ ունենալու հնարավորությունը, երեխաներն էլ մեզ չմեղադրեն, որ իրենք էլ էին ուզում սպորտով զբաղվել, հնարավորություն չունեցան: Խոսքը ամենամսյա աշխատավարձի մասին է, ոչ այդքան մեծ գումարի, որպեսզի ես կարողանամ երեխաներին մարզել»,- ասաց Ավետիս Ալեքսանյանը:

Մարզվող երեխաների ծնողները մի քանի անգամ հարցը բարձրացրել են Արարատի մարզպետարանում, ինչպես նաեւ Արարատի քաղաքապետարանում: Նամակով դիմել են նաեւ ՀՀ վարչապետին, որն հասցեավորվել է Արարատի մարզպետին, իսկ պատասխանը կրկին նույնն է եղել՝ բյուջեի բացակայություն: NEWS.am Sport-ը փորձեց կապ հաստատել Արարատի մարզպետի եւ Արարատ քաղաքի քաղաքապետի հետ, սակայն չստացվեց:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում