18:48  ,  19 փետրվարի, 2019

Մաուրիցիո Սարի. Վստահ չեմ, բայց կարծում եմ՝ «Չելսիի» խաղացողներն աջակցում են ինձ

Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդին» 0:2 հաշվով պարտվելուց եւ պայքարից դուրս մնալուց հետո խոսել է թիմում վստահության մթնոլորտի մասին:

«Կարծում եմ, որ թիմն աջակցում եւ վստահում է ինձ: Իհարկե, լիարժեք վստահ չեմ, բայց կարծում եմ, որ խաղացողներն աջակցում են ինձ: Թիմի հետ դասավորվել են լավ հարաբերություններ, բայց հիմա դա կարեւոր չէ: Մեզ համար կարեւոր է ցուցադրել լավ խաղ եւ արդյունք»,- Սարիի խոսքը մեջբերում է «Չելսիի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Սարին անցած ամռանն է գլխավորել «Չելսին»՝ փոխարինելով իտալացի Անտոնիո Կոնտեին: Պրեմյեր լիգայի 26 տուրից հետո լոնդոնյան թիմը 50 միավորով 6-րդ տեղում է: Նախորդ 30 օրում «Չելսին» Անգլիայի առաջնությունում 0:2 հաշվով արտվել է «Արսենալին», 0:4 հաշվով՝ «Բորնմութին», 0:6 հաշվով՝ «Մանչեսթեր Սիթիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում