09:36  ,  15 փետրվարի, 2019

«Արսենալին» հաղթած ԲԱՏԷ-ի մարզիչ. Սա ավելի լավ էր, քան սեքսը

Բելառուսի չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Բագան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:

«Ֆիզիկական վիճակից բացի, կարեւոր է նաեւ հուզական վիճակը: Ընդմիջումից առաջ խփած գոլն ուժ տվեց մեզ: Տղաները դիմացան, շնորհակալություն նրանց: Ստանդարտ դիրքերը հզոր ուժ են այսօրվա ֆուտբոլում: Կարելի է ասել, որ մենք օգտվեցինք մեր հաղթաթղթից:

Հասկանում ենք, թե ինչ է մեզ սպասվում Լոնդոնում: Կաշխատենք, կշարունակենք պատրաստվել պատասխան խաղին ու նոր մրցաշրջանին:

«Արսենալը» չզարմացրեց մեզ: 90 տոկոսով կանխատեսել էինք նրանց մեկնարկային կազմը: Ունաի Էմերին անակնկալներ չմատուցեց»,- հետխաղյա ասուլիսում ասել է բելառուս մարզիչը, փոխանցում է «Прессбол»-ը:

Հեռանալով ասուլիսների սրահից՝ Ալեքսեյ Բագան նշել է հետեւյալը. «Սա ավելի լավ էր, քան սեքսը»:

Հիշեցնենք, որ Բորիսովում կայացած խաղում Հայաստանի հավաքականի 30-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 21-ին Լոնդոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում