17:52  ,  15 օգոստոսի, 2012

Հռիփսիմե Խուրշուդյանի փեսացու. Ծանրաձողը մեզ չի խանգարի

«Հռիփսիմեին ընդունում եմ այնպես, ինչպես նա կա՝ իր ծանրամարտով եւ իր ծանրաձողով: Սպորտը մնում է սպորտ եւ մեր անձնական հարաբերություններին ոչինչ չի կարող խանգարել»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի փեսացու Տարոն Թովմասյանը:

Տարոն, ի՞նչ զգացողություններ ունես: Քո ապագա կինը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է:

Անբացատրելի զգացողություններ ունեմ: Չեմ կարող այժմ նկարագրել, թէ ինչ է ներսումս կատարվում: Միայն հասկանում եմ, որ կցանկանայի մեր հետագա համատեղ կյանքում ես եւ Հռիփսիմեն այսպիսի օրեր շատ ապրեինք:

Նրա ամեն մոտեցման ժամանակ այնպիսի զգացողություն ունեի, որ այդ ծանրությունը ես եմ բարձրացնում: Ուզում էի նրա կողքին լինել այդ պահին եւ օգնել նրան:
Երբ Հռիփսիմեին ճանապարհում էի Լոնդոն, անկախ իմ կամքից գիտեի, վստահ էի, որ նա ձեռնունայն չի վերադառնա: Ճիշտ է՝ նրա մեդալը բրոնզ է, բայց դա 15 տարիների նրա քրտնաջան աշխատանքի արդյունքն է:

Հռիփսիմեի մարզաձեւի ընտրությունը չի խանգարի՞ ձեր հարաբերություններին:

Ես էլ եմ ծանրորդ: Ես նրան հասկանում եմ ամեն առումով, ընդունում եմ այնպես, ինչպես նա կա՝ իր ծանրամարտով եւ ծանրաձողով: Սպորտը մնում է սպորտ, սա մասնագիտություն է, եւ ես իրավունք չունեմ փոխել նրա կյանքի ընտրությունը, իսկ անձնական կյանքը մնում է անձնական կյանք, եւ ոչինչ չի կարող խանգարել մեր հարաբերություններին:

Ինչպե՞ս եք ծանոթացել դու եւ Հռիփսիմեն:

Մենք իրար ճանաչում ենք մանկուց: Յոթ տարեկանից միասին ենք մարզվել: Արդեն հասուն տարիքում հասկացա, որ ես նրան չեմ ընկալում որպես ընդամենը մանկության ընկերուհի: Նրա մեջ ես սիրեցի համեստությունը, շատ լավ բնավորության գծեր ունի: 2007 թվականից ընկերություն ենք անում: Արդեն նշանվել ենք. այս տարի, կամուսնանք:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս