17:10  ,  21 դեկտեմբերի, 2018

Տիգրան Բարսեղյանը՝ «Վարդարից» հեռանալու եւ նոր առաջարկների մասին

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կունենա նոր թիմ: Այդ մասին նա ասել է NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

«Ես հեռացա «Վարդարից» սեփական նախաձեռնությամբ: 2.5 տարի հանդես եկա մակեդոնական թիմում եւ հասա առավելագույնի: Վերջին շրջանում ակումբում ամեն ինչ հարթ չէր նաեւ ֆինանսական տեսանկյունից: Նոր մարտահրավերների կարիք ունեմ, ցանկանում եմ զարգանալ եւ գնալ առաջ: Այդ ամենի պատճառով էլ որոշում ընդունեցի հեռանալ «Վարդարից», թեեւ պայմանագիրս նախատեսված էր մինչեւ հաջորդ ամառ:

Հիմա Երեւանում եմ, ունեմ առաջարկներ հայկական ակումբներից, սակայն այս փուլում չեմ ցանկանում վերադառնալ Հայաստան: Իմ նպատակն է տեղափոխվել լավ առաջնություն, որտեղ կկարողանամ առաջադիմել: Չեմ շտապում առաջարկներ ընդունել նաեւ Ղազախստանից եւ Չինաստանից: Ունեմ տարբերակներ Եվրոպայից, ցանկանում եմ ընտրել լավագույն տարբերակը»,- նշել է Բարսեղյանը:

25-ամյա ֆուտբոլիստը «Վարդարում» հանդես էր գալիս 2016 թվականի երկրորդ կեսից: Մակեդոնական թիմում նա մասնակցել է 68 հանդիպման, խփել է 22 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում: Ընթացիկ մրցաշրջանի 9 հանդիպումներում Բարսեղյանը խփել է 4 գոլ:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով