12:19  ,  19 դեկտեմբերի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի Սուլշերի նշանակման մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» վերջնական որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոյին փոխարինողի հարցում:

The Guardian-ը գրում է, որ դեկտեմբերի 20-ին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ կնշանակվի թիմի նախկին հարձակվող Ուլե-Գունար Սուլշերը, որը 2015 թվականից գլխավորում է նորվեգական «Մոլդեն»: 45-ամյա նորվեգացի մասնագետի օգնականը կլինի Մայք Ֆելանը, որն այդ պաշտոնում 14 տարի աշխատել է նաեւ Ալեքս Ֆերգյուսոնի օրոք:

Նշվում է, որ Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդը» կգլխավորի մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, իսկ ամռանը ակումբը կհրավիրի Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին:

Սուլշերը մանչեսթերյան ակումբում խաղացել է 1996-2007-ը:

Հիշեցնենք, որ 55-ամյա Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում էր 2016 թվականից: Այս ընթացքում թիմը նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Պորտուգալացի մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2020 թվականի հուլիսը:

Անգլիայի առաջնության 17 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 26 միավորով 6-րդ տեղում է: Պրեմյեր լիգայի 17 խաղերում թիմը խփել եւ բաց է թողել 29-ական գոլ: Չեմպիոնների լիգայում մանչեսթերցիները դուրս են եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցեն ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում