Ռուսաստանի Սամարա քաղաքում դեկտեմբերի 14-ին կայացած «Битва на Волге» մրցաշարում օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը MMA-ում (խառը մենամարտեր) անցկացրեց երկրորդ մենամարտը եւ տարավ երկրորդ հաղթանակը: Նրա մրցակիցը Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Պերեպեչինն էր:
Առաջին ռաունդի նախավերջին վայրկյանին մրցավարը դադարեցրեց մենամարտը: Միհրան Հարությունյանը հաղթանակ տարավ տեխնիկական նոկդաունով: Հայ մարզիկը հաղթանակը նվիրել է Ազնավուրի հիշատակին:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոնը MMA-ում նորամուտը նշել էր այս տարվա մայիսին՝ Ռոստովում կայացած մրցաշարում հաղթելով իրանցի Ալի Յուսեֆիին:
29-ամյա Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է 2016թ. Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը մի քանի վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Մոսկվայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում