14:17  ,  11 դեկտեմբերի, 2018

Խորեն Բայրամյանը՝ Հայաստանի հավաքականի հրավերը չընդունելու պատճառների մասին

Ես մեծացել եմ Ռուսաստանում եւ կապացուցեմ, որ մի օր արժանի եմ հրավիրվել այս երկրի ազգային հավաքական:

Այս մասին հայտարարել է Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը Sovsport.ru-ի հետ հարցազրույցում խոսել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականից ստացած հրավերի եւ այն չընդունելու պատճառների մասին:

Ձգտո՞ւմ եք հայտնվել Ռուսաստանի հավաքականում:

Ես հանդես եմ եկել Ռուսաստանի տարբեր տարիքայինների հավաքականներում, սակայն իրավունք ունեմ խաղալ նաեւ Հայաստանի հավաքականում, որտեղից, իհարկե, հրավեր ստացել եմ: Սակայն չեմ շտապում: Առաջին հերթին այն պատճառով, որ մեծացել եմ Ռուսաստանում եւ կապացուցեմ, որ մի օր արժանի եմ հրավիրվել այս երկրի ազգային հավաքական: Երկրորդ պատճառն այն է, որ Ռուսաստանի Պրեմյեր լիգայում չեմ համարվի լեգեոնական:

Այսինքն՝ Ռուսաստանի հավաքականը նախընտրո՞ւմ եք Հայաստանի թիմից:

Դա շատ սադրիչ հարց է: Ես չեմ խոսում իմ նախապատվությունների մասին: Պարզապես այս պահին ինձ կարելի է հրավիրել թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի հավաքական: Իսկ Պրեմյեր լիգայում ես խաղում եմ որպես Ռուսաստանի քաղաքացի:

Հայաստանի հավաքականը խաղը կառուցում է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ: Դա ձեզ համար ուղորդի՞չ է:

Ինձ թվում է, որ Մխիթարյանն օրինակ է հետխորհրդային երկրների բոլոր ֆուտբոլիստների համար: Ոչ ոք Եվրոպայում չի հասել այդպիսի հաջողությունների: Այդ պատճառով ես, իհարկե, հետեւում եմ Հենրիխի կարիերային, ուրախանում նրա հաղթանակներով, ինչպես շատերը Ռուսաստանում: Մխիթարյանը թոփ-մակարդակ է, որին կցանկանայի մի օր մոտենալ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 26-ամյա Բայրամյանը մասնակցել է 15 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ: Հայ կիսապաշտպանը «Ռուբինում» խաղում է վարձավճարով, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Ռոստովին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով