14:17 11 դեկտեմբերի, 2018Ես մեծացել եմ Ռուսաստանում եւ կապացուցեմ, որ մի օր արժանի եմ հրավիրվել այս երկրի ազգային հավաքական:
Այս մասին հայտարարել է Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը Sovsport.ru-ի հետ հարցազրույցում խոսել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականից ստացած հրավերի եւ այն չընդունելու պատճառների մասին:
Ձգտո՞ւմ եք հայտնվել Ռուսաստանի հավաքականում:
Ես հանդես եմ եկել Ռուսաստանի տարբեր տարիքայինների հավաքականներում, սակայն իրավունք ունեմ խաղալ նաեւ Հայաստանի հավաքականում, որտեղից, իհարկե, հրավեր ստացել եմ: Սակայն չեմ շտապում: Առաջին հերթին այն պատճառով, որ մեծացել եմ Ռուսաստանում եւ կապացուցեմ, որ մի օր արժանի եմ հրավիրվել այս երկրի ազգային հավաքական: Երկրորդ պատճառն այն է, որ Ռուսաստանի Պրեմյեր լիգայում չեմ համարվի լեգեոնական:
Այսինքն՝ Ռուսաստանի հավաքականը նախընտրո՞ւմ եք Հայաստանի թիմից:
Դա շատ սադրիչ հարց է: Ես չեմ խոսում իմ նախապատվությունների մասին: Պարզապես այս պահին ինձ կարելի է հրավիրել թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի հավաքական: Իսկ Պրեմյեր լիգայում ես խաղում եմ որպես Ռուսաստանի քաղաքացի:
Հայաստանի հավաքականը խաղը կառուցում է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ: Դա ձեզ համար ուղորդի՞չ է:
Ինձ թվում է, որ Մխիթարյանն օրինակ է հետխորհրդային երկրների բոլոր ֆուտբոլիստների համար: Ոչ ոք Եվրոպայում չի հասել այդպիսի հաջողությունների: Այդ պատճառով ես, իհարկե, հետեւում եմ Հենրիխի կարիերային, ուրախանում նրա հաղթանակներով, ինչպես շատերը Ռուսաստանում: Մխիթարյանը թոփ-մակարդակ է, որին կցանկանայի մի օր մոտենալ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 26-ամյա Բայրամյանը մասնակցել է 15 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ: Հայ կիսապաշտպանը «Ռուբինում» խաղում է վարձավճարով, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Ռոստովին»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.