00:11  ,  15 օգոստոսի, 2012

Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը վերադարձավ հայրենիք (ֆոտո, վիդեո)

Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը Լոնդոնից վերադարձավ հայրենիք: Օդանավակայանում օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանին, բրոնզե մեդալակիրներ Հռիփսիմե Խուրշուդյանին եւ Արթուր Ալեքսանյանին սպասում էին մի քանի տասնյակ երկրպագուներ` երգ, երաժշտությամբ, Հայաստանի դրոշներով եւ շնորհավորական պաստառներով (ֆոտոռեպորտաժ): Երկրպագուների շարքերում հայ օլիմպիականներին եւ մեդալակիրներին դիմավորելու էին եկել նաեւ  հարազատները, ծնողները, հարսնացուներն ու փեսացուները: Առանձնահատուկ հուզմունքով հայ մարզիկներին էին սպասում Արսեն Ջուլֆալակյանի հարսնացուն եւ Հռիփսիմե Խուրշուդյանի փեսացուն:

Հավաքված բազմությանը երկար սպասեցնելուց հետո հայ օլիմպիականները, վերջապես, դուրս եկան ժամանումի սրահից, որտեղ երեք մեդալակիրներին պարգեւատրեցին պատվո դափնեպսակներով:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն այնքան հուզված էր,  որ դժվարությամբ կարողացավ արտահայտել իր հիացմունքը:

«Ես անչափ երջանիկ եմ: Սա իմ կյանքի ամենաերջանիկ պահն է: Աննկարագրելի զգացում ունեմ: Զգում էի, որ լավ արդյունք եմ ցույց տվել, մեդալ եմ նվաճել, այսպես ասած` լավ բան եմ արել իմ ազգի համար, բայց չէի գիտակցում մինչեւ այս պահը: Սա իրական երջանկություն է: Հանուն այս ապրումների արժեր այդքան դժվարություն եւ պարտականություն ուսերիս կրել: Ես երջանիկ եմ»,- նշեց Հռիփսիմե Խուրշուդյանը:

«Դժվար է վերլուծել այն ամենն ինչ արեցի ես գորգի վրա, ինչին արժանացա պատվո հարթակում: Բայց հիմա այդ դժվարությունը մնաց ետեւում: Ճիշտ է՝ ես ինքս իմ ելույթից, իմ արդյունքից գոհ չեմ, բայց այն ինչ տեսա այստեղ, հասկացա, որ զուր չէր, որ սա հաղթանակ է եւ այս մարդիկ ուրախացել են այդ հաղթանակով»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Լուսանկարները՝ Սոնա Բարսեղյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում