17:02  ,  28 նոյեմբերի, 2018

Միհրան Հարությունյանը MMA-ում երկրորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերին

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը MMA-ում (խառը մենամարտեր) երկրորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 14-ին: Այդ մասին 29-ամյա մարզիկը հայտնել է սոցցանցերում:

Հարությունյանը կմասնակցի Ռուսաստանի Սամարա քաղաքում կայանալիք «Битва на Волге» մրցաշարին: Նրա մրցակցի վերաբերյալ տեղեկություն դեռ չկա:

Հիշեցնենք, որ հայ մարզիկը MMA-ում նորամուտը նշել էր այս տարվա մայիսին՝ Ռոստովում կայացած մրցաշարում հաղթելով իրանցի Ալի Յուսեֆիին:

Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը մի քանի վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Մոսկվայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում