13:32  +04,  10 նոյեմբերի, 2018

Արթուր Ալեքսանյանն ու Հայաստանի մյուս առաջատար մարզիկները վնասվածքները բուժում են սեփական միջոցներով

Արթուր Ալեքսանյանի բուժզննումները, վնասվածքների բուժումները, ամեն ինչ արվում է մեր սեփական միջոցներով, մեր նախաձեռնությամբ եւ սպորտային կառույցներից որեւէ մեկը չի աջակցում մեզ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, որը նաեւ ըմբիշի անձնական մարզիչն է:

«Արթուրի բուժումները, վնասվածքների վերականգնումը մենք միշտ էլ մեր միջոցներով ենք արել: Ծնկի վնասվածքն էլ ենք մեր միջոցներով բուժել: Բուդապեշտում ստացած կողոսկրի վնասվածքից հետո էլ Արթուր Ալեքսանյանը կստուգվի եւ ամբողջ բուժումը կանցնի իր սեփական միջոցներով: Այժմ Արթուրը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ լիարժեք ընդհանուր հետազոտություն կանցնի՝ նոր ստացած վնասվածքի, ծնկի, ինչպես նաեւ մեջքի ճողվածքի համար: Պետք է լիարժեք ապաքինվել, քանի որ այդ վնասվածքները խանգարում են Արթուրին», - մանրամասնեց Գեւորգ Ալեքսանյանը:

Ծնկի վնասվածքի բուժումն Ալեքսանյանը ստացել էր Վրաստանում, սակայն վնասվածքն այդպես էլ լիարժեք չի բուժվել, քանի որ ըմբիշը ժամանակ առ ժամանակ վերադարձել է գորգ եւ բուժումը համատեղել մարզումների եւ մրցաշարերի հետ:

Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո Հայաստանի 14-րդ օլիմպիական չեմպիոնը մրցաշրջան 2017-ը սկսեց ծնկի վնասվածքով: Հաջորդ երկու տարիներին պարբերաբար Արթուր Ալեքսանյանին մրցագորգում տեսնում էինք ծնկի վիրակապով:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մարզիկն էլ պարբերաբար պատմում էր վնասվածքի, բուժման ընթացքի, հաճախակի առաջ եկող ցավերի մասին: Դեռեւս 2017-ին Սերբիայում կայացած Եվրոպայի առաջնությունում օլիմպիական չեմպիոնի մասնակցությունը հարցականի տակ էր հենց ծնկի վնասվածքի պատճառով: Սակայն, որոշ ժամանակ անց մարզիկը հայտարարեց, որ կմասնակցի ԵԱ-ին եւ մեծ հույս ունի, որ վնասվածքն իրեն չի խանգարի: Իսկ վնասվածքը ստացել էր ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի ժամանակ. կտրվել էր մարզիկի ծնկի ջիլը:

Սերբիայի մրցագորգում օլիմպիական չեմպիոնը բավարարվեց միայն բրոնզե մեդալով: Դրա պատճառների մասին խոսեց միայն Արթուրի հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը՝ մատնանշելով վնասվածքը: Թե որքան լուրջ էր վնասվածքը, թերեւս սպորտային կառույցներից որեւէ մեկին առանձնապես չհետաքրքրեց: Իսկ օլիմպիական չեմպիոնը մի շարք հետազոտություններից հետո մի քանի երկրում բուժում անցավ եւ Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում երրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Փարիզյան մրցագրգում էլ օլիմպիական չեմպիոնը ծնկի վիրակապով էր: Վնասվածքը լիարժեք չապաքինած՝ 2018-ի Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը կրկին անգերազանցելի էր եւ Հայաստանի համար նվաճեց ԵԱ-ի չորրորդ ոսկե մեդալը:

Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունից հայ հասարակությունը Արթուր Ալեքսանյանից 4-րդ ոսկե մեդալն էր սպասում, սակայն օլիմպիական չեմպիոնը ոսկե մեդալի «ճանապարհին»՝ կիսաեզրափակիչում 1:3 հաշվով պարտվեց 25-ամյա ռուսաստանցի Մուսա Էվլոեւին, որին նախորդ տարի հաղթել էր Փարիզում անցկացված աշխարհի առաջնության եզրափակիչում։

Աշխարհի եռակի չեմպիոնը պետք է գոտեմարտեր աշխարհի բրոնզե մեդալի համար, սակայն հոկետմբերի 28-ին հայ ըմբիշը դուրս չեկավ մեդալային գոտեմարտի: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բուդապեշտից օլիմպիական չեմպիոնը պատմեց, որ վնասվածքի պատճառով չներկայացավ գոտեմարտին: Բանն այն է, որ աշխարհի եռակի չեմպիոնը ԱԱ-2018-ի առաջին գոտեմարտում Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կաքելաշվիլու հետ պայքարում կողոսկրի վնասվածք էր ստացել:  

Հայաստան վերադառնալուն պես հունահռոմեականների գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց Արթուր Ալեքսանյանի բացակայությունը բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Իսկ օլիմպիական չեմպիոնը մեկնեց արտերկիր՝ վնասվածքը բուժելու:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Ալեքսանյանն ԱՄՆ-ից տեղեկացրեց, որ միայն ընդհանուր հետազոտության արդյունքներից հետո պարզ կլինի, թե ինչ վիճակում են գտնվում իր վնասվածքները, վիրահատության անհրաժեշտություն կլինի, թե ոչ: ԱՄՆ-ում հետազոտության արդյունքներն ստանալուց հետո մարզիկը կմեկնի Գերմանիա, որտեղ էլ կանցնի բուժումները:

Արթուր Ալեքսանյանի հետ ԱՄՆ-ում է գտնվում նաեւ 2017թ. աշխարհի ու 2018թ. Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, որը նույնպես վնասվածք ունի՝ մեջքի ճողվածք: ԱԱ-2018-ում Մաքսիմ Մանուկյանը նվաճեց բրոնզե մեդալ: ԱԱ-ից հետո Լեւոն Ջուլֆալակյանը Մանուկյանի մրցելույթներն ամփոփելիս նշեց, որ ըմբիշն աշխարհի առաջնությունից առաջ վնասվածք ուներ այնպես, ինչպես Արթուր Ալեքսանյանը: 

Նմանօրինակ վնասվածքներով աշխարհի առաջնության գորգ դուրս եկան նաեւ ազատ ոճի ըմբիշները: Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանն արդեն տեւական ժամանակ մարզվում եւ մրցաշարերի է մասնակցում ուսի վնասվածքով, որը ստացել էր Եվրոպայի առաջնությունում: Հայաստանում հետազոտություն անցնելուց հետո մարզիկին հայ մասնագետները հավաստիացրել էին, որ որեւէ լուրջ խնդիր չկա եւ ժամանակի ընթացքում վնասվածքը կվերականգնվի հատուկ վարժություններով: Սակայն աշխարհի առաջնությունից առաջ Վալոդյա Ֆրանգուլյանին հետազոտել էր գերմանացի բժիշկ եւ զգուշացրել, որ վնասվածքը լուրջ է եւ անհրաժեշտ է վիրահատական միջամտություն: Իսկ քանի որ ըմբիշը երկար նախապատրաստվել էր ԱԱ-ին, բժշկի հետ համաձայնության են եկել առաջնությունից հետո վիրահատվել: Բժիշկը նաեւ առաջարկել էր Գերմանիայում վիրահատել, սակայն հնարավորության պակասի պատճառով Վալոդյա Ֆրանգուլյանը Հայաստանում է գտել համապատասխան մասնագետ եւ վիրահատվել: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մարզիկը պատմեց, որ բավական բարդ վիրահատության է ենթարկվել, որն արժեցել է շուրջ 1 մլն դրամ:  Հարցին, թե որեւէ կառույց հետաքրքրվել կամ ֆինանսով աջակցել է վիրահատության համար, Վալոդյա Ֆրանգուլյանի խոսքով՝ ոչ:  

«Հետազոտություն, վիրահատություն, բուժում, ամեն ինչ արվում է մեր միջոցներով: Որեւէ կառույցից աջակցություն որպես այդպիսին չկա: Մի քանի անգամ Երեւանի քաղաքապետարանի սպորտի վարչությունն է որոշակի աջակցություն ցուցաբերել Հրանտ Ենոքյանի միջամտությամբ: Իսկ նախարարությունն էլ միջամտել է միայն անվճար սոնոգրաֆիա եւ որոշ ստուգումներ անցնելու հարցում իրենց ասած բուժհաստատությունում: Մնացած ամեն ինչ մարզիկները հոգում են իրենց սեփական միջոցներով: Չեմ կարող որեւէ բան պահանջել ինչ-որ մեկից այն պարագայում, երբ օրերս կարդացի նաեւ, որ նույնիսկ օլիմպիական չեմպիոնն է իր սեփական միջոցներով բուժվում»,-  նշեց Վալոդյա Ֆրանգուլյանը:

Մեջքի վնասվածքով օրերս Քաթարի մայրաքաղաք Դոհայում սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության մրցահարթակ դուրս եկավ Հայաստանի առաջատար մարմնամարզիկ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը: Մարմնամարզիկն ԱԱ-2018-ից ձեռնունայն վերադարձավ: Իսկ հավաքականի գլխավոր մարզիչը բազմաթիվ խնդիրների հետ, մատնանշեց նաեւ Մերդինյանի մի շարք վնասվածքները

Հայաստանի սպորտի ղեկավարությունը նման անտարբեր վերաբերմունք է ցուցաբերել նաեւ նախկինում՝ Ռիոյի-2016 օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի նկատմամբ:  

Հարությունյանը Օլիմպիական խաղերում հանդես էր եկել ուսի վնասվածքով: Դրանից հետո հայ ըմբիշը 2016-ի հոկտեմբերի 19-ին բարդ վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում: Ապա եւս մեկ վիրահատություն ունեցել Լեհաստանում 2017-ի հուլիսին։ Որոշ ժամանակ անց ուսի վնասվածքի բարդություն էր առաջացել, ինչի պատճառով էլ ի հայտ էր եկել երրորդ վիրահատության անհրաժեշտություն, որն արվեց Մոսկվայում: Այս բոլոր վիրահատություններն ու հետվիրահատական բուժումները օլիմպիական փոխչեմպիոնն արել է սեփական միջոցներով:

Հայաստանի պատիվը տարբեր մրցահարթակներում բարձր պահող մարզիկների վնասվածքների ու դրանց սեփական միջոցներով բուժումների շարքը կարելի է անվերջ թվել: Օլիմպիական չեմպիոնը, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններն ու մեդալակիրները Հայաստանի ղեկավարության, սպորտային կառույցների՝ սպորտի նախարարության, ՀԱՕԿ-ի ղեկավարների կողմից մեծարվում եւ ուշադրության են արժանանում միայն մեդալ նվաճելիս, որը սահմանափակվում է զուտ օդանավակայում ծաղկե դափնիներ հանձնելով եւ տարեվերջյան «խոշոր» պարգեւավճարներով: Իսկ երկիրը ներկայացնող մարզիկի առողջությունը, մրցահարթակում, գորգում, ռինգում, գործիքների վրա ստացած վնասվածքները մարզիկների եւ նրանց ծնողների ու ընտանիքների համար դառնում են ֆինանսական ծանր բեռ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ