15:04  ,  6 նոյեմբերի, 2018

Հակոբ Սերոբյանը, Արթուր Դավթյանը եւ Արթուր Թովմասյանն ամփոփեցին աշխարհի առաջնությունը (ֆոտո)

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, Հայաստանի առաջատար մարմնամարզիկներ, Ունիվերսիադայի կրկնակի չեմպիոն Արթուր Թովմասյանը եւ Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեցին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած աշխարհի առաջնությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցեց ամբողջական թիմով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Թովմասյան եւ Վիգեն Խաչատրյան: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ 3 հայ մարմնամարզիկներ՝ Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը, նվաճեցին սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր: Արթուր Դավթյանը բազմամարտում 9-րդն էր, հենացատկում՝ 7-րդը, Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում զբաղեցրեց չորրորդ տեղը, իսկ Վահագն Դավթյանը նույն վարժությունում 6-րդն էր:

Հակոբ Սերոբյան.

«Երբ մեկնում էինք աշխարհի առաջնությանը, մտածում էինք, որ եզրափակիչում 8-րդ տեղում էլ լինենք, լավ է: Չէի սպասում, որ այսքան հաջող ելույթներ կունենանք՝ հաշվի առնելով Եվրոպայի առաջնությունում մեր վատ մասնակցությունը: Իմ մեղքն էր, որ Եվրոպայի առաջնությունում շատ վատ հանդես եկանք, քանի որ վատառողջ էի եւ չէի կարողանում տղաներին մարզել:

Բայց տղաներն անակնկալի բերեցին ինձ, մեզ բոլորիս: Արթուր Դավթյանը շատ լավ մասնակցեց, նա հրաշալի հանդես եկավ հենացատկում: Նոր ցատկ էր կատարում, ես չէի տեսել, թե նա ինչպես է մարզումների ընթացքում կատարում իր ցատկը: Մրցահարթակում նա շատ լավ կատարեց:

Արթուր Թովմասյանը եւս հրաշալի հանդես եկավ: Սա Թովմասյանի առաջին մասնակցությունն էր աշխարհի առաջնությունում եւ նա մեդալային պայքարում էր: Սա աննախադեպ արդյունք էր: Վահագն Դավթյանի մասնակցությունն էլ եմ բարձր գնահատում: Մի երկրի համար օղակների վարժությունում երկու մասնակից ունենալը մեծ առաջընթաց է:

Իմ տրամադրությունը շատ վատ էր, որ մեդալը բաց թողեցինք: Բայց վստահ փաստում եմ, որ մենք այսօր աշխարհի առաջնության մեդալների իրական հավակնորդ ենք:

Հարություն Մերդինյանից էլ եմ գոհ: Նա լիարժեք պատրաստ էր, ուներ լավ մարզավիճակ, բայց ինչ-ինչ բաներ նրան խանգարեցին եւ նժույգից ընկավ: Հարություն Մերդինյանը փորձառու մարզիկ է, նա դեռ պայքարում է՝ ունենալով մեջքի վնասվածքներ:

Առջեւում ունենք շատ կարեւոր մրցաշարեր՝ նոյեմբերի 20-ին մեկնարկում է առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկությունը: Լինելու է 8 աշխարհի գավաթ՝ միավորներով. ով բարձր միավորներ հավաքեց, նա էլ կվաստակի օլիմպիական վարկանիշ: 8-ից 4-ին մենք մասնակցելու ենք: Դրանցից երկուսը Բաքվում է, որոնց չենք մասնակցելու: Եւս մեկը Ավստրիայում է, որին մասնակցելը նպատակահարմար չենք գտնում: Հաջորդ տարի մեր մրցաշարերն արդեն օլիմպիական վարկանիշային են լինելու: Ապրիլին Եվրոպայի առաջնությունն է, բայց ամենակարեւորը օլիմպիական ուղեգրերի համար 2019 թվականի աշխարհի առաջնությունն է: Եթե նախկինում միայն մեդալակիներն էին օլիմպիական վարկանիշ նվաճում, այժմ կանոնները փոխվել են: Օրինակ, եթե այս աշխարհի առաջնության արդյունքները օլիմպիական վարկանիշային լինեին, մենք երկու ուղեգիր կնվաճեինք՝ Արթուր Թովմասյանի չորրորդ տեղով եւ Արթուր Դավթյանի բազմամարտի եզրափակիչի արդյունքով»:

Արթուր Թովմասյան (օղակներ).

«Ելույթիցս գոհ չեմ, մարզիչներս էլ գոհ չեն: Կարող էի ավելի լավ կատարել վարժությունը: Մեր առջեւ դրված խնդիրը հեքիաթային բաներ անելը չէր, այլ կատարել այն, ինչ մեր առջեւ դրված է: Եզրափակիչում լարվածությունը մեծ էր: Այն սխալները, որոնք թույլ տվեցի, մարզումների ընթացքում չէի անում: Բայց առաջին անգամ էի մասնակցում աշխարհի առաջնությանը եւ լարվածությունն ինձ փոքր-ինչ խանգարեց»:

Արթուր Դավթյան (հենացատկ).

«Մեր թիմին պակասում է փորձը, պայմանը: Մենք այն պայմանները չունենք, որ լիարժեք կարողանանք պատրաստել մեր վարժությունները: Հիմնական գլխավոր փորձերը մրցավայրերում կատարում ենք մեզ տրամադրվող մարզադահլիճներում:

Ինչ-որ չափով ուրախ եմ, բայց դրան զուգահեռ՝ տխուր եմ, քանի որ եզրափակիչում իմ ուզած ցատկը չկատարեցի: Առաջին անգամ էի նոր ցատկս կատարում մրցաշարում եւ միանգամից աշխարհի առաջնությունում: Հուզմունք կար, չի լինում այնպես, որ մարզիկը հուզմունք չունենա մրցելույթից առաջ: Հուզմունքս կրկնապատիկ էր, քանի որ նոր ցատկով էի հանդես գալիս: Այդ ցատկս Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո փոխել էի, բայց մրցմանը չէի փորձել»: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում