20:15  ,  2 նոյեմբերի, 2018

Մարզիչը թայմ-աութ է վերցրել եւ հայտարարել կարիերան ավարտելու մասին

Ամերիկյան ֆուտբոլի «Իստ Ստրուդսբուրգ» ակումբի գլխավոր մարզիչ Դենի Դոուդսը յուրօրինակ կերպով է հայտարարել կարիերան ավարտելու մասին:

«Օհայո Դոմինիկանի» դեմ հանդիպման ավարտից 4 վայրկյան առաջ ամերիկացի մասնագետը թայմ-աութ է վերցրել, ինչից հետո սեղմել է մրցակցի թիմի մարզիչի ձեռքը, խոնարհվել տրիբունաների առաջ եւ հեռացել:

«Կնոջս ասել էի, որ երբ հեռանամ ստադիոնից, կհանեմ գլխարկս ու կասեմ, որ սիրում եմ նրան: Ես հանեցի գլխարկս, նստեցի մեքենաս եւ ժպտում էի տուն տանող ամբողջ ճանապարհին»,- Դենի Դոուդսի խոսքը մեջբերում է CBS-ը:

Այդ խաղում «Իստ Ստրուդսբուրգը» պարտվել է 38:45 հաշվով: Դենի Դոուդսը մարզչական աշխատանքով զբաղվում էր 45 մրցաշրջանների ընթացքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում