11:02  ,  1 նոյեմբերի, 2018

Արթուր Ալեքսանյան. Ոչ մի վնասվածք չի կարող կանգնեցնել ինձ

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) գրառում է կատարել Instagram-ում` անդրադառնալով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ստացած վնասվածքին:

«Ափսոս, վնասվածքի պատճառով չկարողացա շարունակել մրցել, բայց հավատացեք, ոչ մի վնասվածք չի կարող ինձ կանգնեցնել: Շնորհակալ եմ բոլորին՝ կողքիս լինելու ու ինձ աջակցելու համար»,- գրել է գյումրեցի ըմբիշը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չէր ներկայացել բրոնզե մեդալի համար գոտեմարտին:

Բուդապեշտում գյումրեցի ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 5։1 հաշվով ուժեղ էր գտնվել Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կաքելաշվիլուց։ 1/8 եզրափակիչում Ալեքսանյանը 10։6 հաշվով հաղթեցնորվեգացի Ֆելիքս Բալդաուֆին, որին նախորդ տարի պարտվել էր Սերբիայում կայացած Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում։ Մինչեւ երկրորդ մրցափուլի միջնամասը նորվեգացի ըմբիշը հաղթում էր 6։0 հաշվով, սակայն Արթուր Ալեքսանյանը շտկեց իրավիճակը՝ վաստակելով 10 միավոր։ Քառորդ եզրափակիչում Արթուրը 4։3 հաշվով պարտության մատնեց վրացի Ռեւազի Նադարեիշվիլուն, որին նախորդ տարի հաղթել էր նաեւ Փարիզում անցկացված աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում։

Կիսաեզրափակիչում աշխարհի եռակի չեմպիոնը 1:3 հաշվով պարտվել էր 25-ամյա ռուսաստանցի Մուսա Էվլոեւին, որին նախորդ տարի հաղթել էր Փարիզում անցկացված աշխարհի առաջնության եզրափակիչում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա պետք է հանդիպեր իրանցի Մահդի Աբաս Ալիյարիֆեիզաբադիին:

Հայաստանի հավաքականը 2 մեդալ էր նվաճել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, որում երրորդ տեղն էին գրավել Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) եւ Արթուր Շահինյանը (87 կգ): Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմի կազմում հանդես էին եկել նաեւ Նորայր Հախոյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ) եւ Կարապետ Չալյանը (77 կգ), որոնք մեդալ չէին նվաճել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում