21:56  ,  16 հոկտեմբերի, 2018

Գերմոտիվացված Հայաստանի հավաքականի վերածնունդը (ֆոտոշարք)

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 4:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ խմբի առաջատար մակեդոնացիների նկատմամբ եւ պահպանում է հաջորդ փուլ դուրս գալու շանսերը: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպման առաջին րոպեից մինչեւ վերջին վայրկյանը գեմոտիվացված գործող Հայաստանի հավաքականը հրաշալի խաղ ցուցադրեց բոլոր խաղային օղակներում եւ տարավ արժանի հաղթանակ:

Ջիբրալթարի դեմ նախորդ խաղի համեմատ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մեկնարկային կազմում կատարել էր միանգամից 5 փոփոխություն, իսկ Հենրիխ Մխիթարյանը հանդես էր գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում: Խաղի մեկնարկում հայկական թիմն ավելի ակտիվ էր: Դաշտի տերերի գրոհներն իրենց արդյունքը տվեցին 12-րդ րոպեին, երբ Ղազախստանի առաջնության լավագույն ռմբարկու Մարկոս Պիզելին բացեց հաշիվը: «Ակտոբեի» կիսապաշտպանի հարվածն այնքան ուժեղ ստացվեց, որ մակեդոնացիների դարպասապահը գնդակը ֆիքսելուց հետո այն բաց թողեց դարպասը՝ 1:0: Գոլից հետո էլ Հայաստանի հավաքականն ավելի ակտիվ էր եւ շարունակում էր գրոհները: 18-րդ րոպեին վնասվածք ստացավ Մարկոս Պիզելին, որը չկարողացավ շարունակել խաղը: Մարկոսը պատգարակով դաշտը լքեց ծափահարությունների ներքո, իսկ նրա փոխարեն դաշտ դուրս եկավ Արտակ Գրիգորյանը: Վերջինս տեղ զբաղեցրեց հենակետային կիսապաշտպանի դիրքում, իսկ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց ենթահարձակվողի դիրք: 26-րդ րոպեին մակեդոնացիներն առաջին իրական գոլային պահն ունեցան այս խաղում, բայց պաշտպաններին փոխօգնության հասած Ռումյան Հովսեփյանը հրաշալի սահանկումով փրկեց հայկական թիմին: Խաղակեսի միջնամասում Հայաստանի հավաքականը պասիվացել էր եւ ավելի քիչ էր գրոհում: Հայ ֆուտբոլիստները շատ անձնուրաց էին գործում հատկապես սեփական դարպասի մոտ՝ կռվելով յուրաքանչյուր մետրի համար: 31-րդ րոպեին վստանգավոր հարված կատարեց Արտակ Գրիգորյանը, որի հարվածից հետո մակեդոնացիների դարպասապահը հետ մղեց գնդակը: Խաղակեսի վերջնամասում խաղի տեմպը բարձր չէր, եւ թիմերը մեկական վտանգավոր պահ ստեղծելուց հետո ընդմիջման գնացին 1:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսը սկսվեց դաշտի տերերի գրոհների ներքո: Մրցակցի դարպասին սպառնացին Գագիկ Դաղբաշյանն ու Յուրա Մովսիսյանը, որոնց հարվածները հաջողության չհասան: 56-րդ րոպեին հաշիվը կրկնապատկելուն մոտ էր Հենրիխ Մխիթարյանը, որի՝ գեղեցիկ գրոհի արդյունքում կատարած հարվածից հետո հյուրերին գոլից փրկեց դարպասաձողը: Մակեդոնացիները պատասխանեցին 60-րդ րոպեին, երբ Արամ Հայրապետյանը բռունցքներով հետ մղեց մրցակցի՝ վտանգավոր դիրքից կատարած հարվածը: Քիչ անց վտանգավոր ստացվեց հյուրերի իրացրած տուգանային հարվածը, որից հետո  Արամ Հայրապետյանը դարձյալ հաջող գործեց: «Բանանցի» դարպասապահը դաշտի տերերին գոլից փրկեց նաեւ 65-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսի միջնամասում Մակեդոնիայի հավաքականն ավելի ակտիվ էր, սակայն 67-րդ րոպեին հյուրերը գոլ բերեցին սեփական դարպասին: Հայաստանի հավաքականը օգտվեց մրցակցի պաշտպանության սխալից եւ կրկնապատկեց հաշիվը: Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո դարպասը գրավեց Յուրա Մովսիսյանը, որն առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքական վերադարձից հետո: Գոլից 5 րոպե անց Մովսիսյանը փոխարինվեց՝ դաշտում տեղը զիջելով Տիգրան Բարսեղյանին: 81-րդ րոպեին Հայաստանի հավաքականը հաշիվը դարձրեց 3:0: Գեւորգ Ղազարյանի՝ տուգանայինից կատարած հարվածից հետո մակեդոնացիների դարպասապահ Ստոլե Դիմիտրիեւսկին դարձյալ անվստահ գործեց, ինչպես նախորդ 2 գոլերի դրվագներում:

Հանդիպման վերջնամասում էլ Արմեն Գյուլբուդաղյանցի սաները շատ վստահ էին գործում պաշտպանվելիս, իսկ ավելացված ժամանակում խփեցին նաեւ չորրորդ գոլը: 94-րդ րոպեին էլ աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը, որն անթերի իրացրեց տուգանային հարվածը: Դրանից առաջ երկրորդ դեղին քարտի համար դաշտից հեռացվել էր Մակեդոնիայի հավաքականի կիսապաշտպան Էլիֆ Էլմասը՝ 4:0:

Սա Հայաստանի հավաքականի առաջին հաղթանակն էր Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ: 

Հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մոտեցան Արեւելյան տրիբունային եւ մարզաշապիկները նվիրեցին ՖԱՖ-ի երկրպագուներին: Նրանք շնորհակալություն հայտնեցին նաեւ մյուս տրիբունաների երկրպագուներին: Յուրա Մովսիսյանն էլ մոտեցավ նաեւ Արեւմտյան տրիբունային եւ մի քանի րոպե լուսանկարվում էր երկրպագուների հետ եւ ստանում ջերմ շնորհավորանքներ:

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր եւ երկրորդն է D դիվիզիոնի չորրորդ խմբում: Խմբի առաջատար Մակեդոնիան ունի 9 միավոր: 3-ական միավոր ունեն Ջիբրալթարն ու Լիխտենշտեյնը, որոնք այս տուրում կմրցեն իրար հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին ու Լիխտենշտեյնին:

Ազգերի լիգա, չորրորդ տուր

D դիվիզիոն

Չորրորդ խումբ

Հայաստան – Մակեդոնիա՝ 4:0

Մարկոս Պիզելի, 12, Յուրա Մովսիսյան, 67, Գեւորգ Ղազարյան, 81, Հենրիխ Մխիթարյան, 90+4

Հեռացում՝ Էլիֆ Էլմաս (Մակեդոնիա), 90+3, երկրորդ դեղին քարտ

Հայաստան. Արամ Հայրապետյան, Կամո Հովհաննիսյան, Արտյոմ Խաչատուրով, Վարազդատ Հարոյան, Գագիկ Դաղբաշյան, Ռումյան Հովսեփյան (Կառլեն Մկրտչյան, 83), Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի (Արտակ Գրիգորյան, 22), Գեւորգ Ղազարյան, Սարգիս Ադամյան, Յուրա Մովսիսյան (Տիգրան Բարսեղյան, 73):

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում