18:25  ,  14 հոկտեմբերի, 2018

Red Eagles-ը կպատժի «Հանրապետականում» Ջիբրալթարի դրոշ ցուցադրած երկրպագուին

Red Eagles ֆան շարժումը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստան – Ջիբրալթար (0:1) Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղում տեղի ունեցած սկանդալային միջադեպի առթիվ: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպումից հետո Red Eagles-ի երկրպագուներից մեկը ցուցադրել էր Ջիբրալթարի դրոշը, ինչից հետո Ջիբրալթարի հավաքականի ֆուտբոլիստները մոտեցել եւ ծափահարել էին հայ երկրպագուներին:

«Այսօր «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած Հայաստան - Ջիբրալթար հանդիպումը ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի պարտությամբ, որի ընթացքում Red Eagles ֆան ակումբի անդամներից մեկը, պարտությունից հետո գտնվելով ոչ ադեկվատ հոգեվիճակում, մարզադաշտում գտնվող Ջիբրալթարի հավաքականի երկրպագուներից մեկից վերցրել և երբ Ջիբրալթարի հավաքականի ֆուտբոլիստները մոտեցել և ծափահարել են հայ երկրպագուներին, նա պարզել է Ջիբրալթարի ազգային դրոշը։ Տեղեկացնում ենք, որ «ակցիան» եղել է ինքնաբուխ, նախապես չքննարկված և չհամաձայնեցված ֆան ակումբի ղեկավար կազմի և ղեկավար խորհրդի հետ և չի արտահայտում ֆան ակումբի պաշտոնական դիրքորոշումը և մոտեցումները։ Red Eagles ֆան ակումբը առաջիկա ժողովի ընթացքում քննարկման առարկա կդարձնի վերոշարադրյալը և կորոշի ֆան ակումբի անդամի պատժի հարցը, ինչի մասին ևս, Red Eagles ֆան ակումբը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

NEWS.am Sport-ի տեղեկություններով, Հայաստան – Ջիբրալթար խաղից հետո Արեւելյան տրիբունայում բախում էր տեղի ունեցել ՖԱՖ-ի ու Red Eagles երկրպագուների միջեւ: Բախման պատճառը եղել է հենց Ջիբրալթարի դրոշը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում