20:34  ,  11 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012-ը NEWS.am Sport-ի համար մեկնաբանում է Արթուր Աբրահամը

Հայ օլիմպիականների ելույթներին հետեւում եմ, նրանց հաջողություններով եւ անհաջողություններով ապրում, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռցնքամարտի  աշխարհի նախկին չեմպիոն (IBF) Արթուր Աբրահամը:

Նա այժմ Գերմանիայում նախապատրաստվում է օգոստոսի 25-ին կայանալիք WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտին: Թեեւ Արթուր Աբրահամը շատ զբաղված է, բայց նա բաց չի թողնում հայ օլիմպիականների ոչ մի ելույթ:

Արթուր, ինչպե՞ս ես: Ինչպե՞ս ես հասցնում պատրաստվել Շտիգլիցի հետ մենամարտին եւ հետեւել Օլիմպիական խաղերին:

Այս պահին չեմ կարող լավ չլինել, քանի որ հարցազրույց եմ տալիս իմ ամենասիրելի լրատվամիջոցներից մեկին` NEWS.am-ին: Ես Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին առաջինը տեղեկանում եմ ձեր կայքից:

Տրամադրությունս շատ լավ է, բայց ինչքան մոտենում է մենամարտիս օրը, այնքան սիրտս թրթռում է: Նույն զգացողություններն եմ ունենում, երբ Օլիմպիական խաղերում տեսնում եմ հայ մարզիկների ելույթները: Եթե նույնիսկ ժամանակս չի ներում հետեւել մեր մարզիկներին՝ փորձում եմ ամեն գնով հարմարեցնել: Ինձ համար նրանց ամեն պայքար, ամեն հաղթանակ եւ հաջողություն կարեւոր է:

Իսկ ո՞ր մարզաձեւն է ավելի շատ գերում այս Խաղերում:

Փորձում եմ բոլոր մարզաձեւերին էլ հետեւել: Մի փոքր բարդ է եւ ժամանակատար, բայց հնարավորինս հետեւում եմ: Ինձ, մասնավորապես, գրավում է հեծանվասպորտը, ըմբշամարտը, վազքերը, հատկապես, 100 մետրը: Մարզաշխարհի ոչ մի մարդ չի կարող անտարբեր անցնել Օլիմպիական խաղերի կողքով:

Հայ օլիմպիականների ելույթներին հետեւո՞ւմ ես:

Անխոս: Չեմ կարող չհետեւել: Մեծ ուշադրությամբ դիտեցի արծաթե մեդալակիր Լեւոն Ջուլֆալակյանի եւ բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերը: Ինձ շատ ուրախացրեց Հռիփսիմե Խուրշուդյանի բրոնզե մեդալը: Դա իսկապես անակնկալ էր: Փորձում եմ հետեւել նաեւ Ռուսաստանը ներկայացնող հայ օլիմպիականների ելույթներին: Նրանց հաղթանակներով էլ եմ ուրախանում եւ հպարտանում: Ինչպե՞ս կարող ես չհետեւել հայ տղաներին՝ լինելով հայ եւ մարզիկ: Չեմ կարողանում անտարբեր անցնել ցանկացած երեւույթի կողքով, եթե դրանում հայ կա կամ հնչում է հայի անուն՝ լինի դա սպորտ, թե ուրիշ բնագավառ:

Ի՞նչ կասես ծանրամարտում ունեցած պարտությունների մասին: Տխրեցնո՞ւմ են մեր մարզիկների անհաջողությունները:

Շատ են տխրեցնում: Այդ ելույթներին էլ հետեւեցի: Ցավալի է: Կարծում եմ, մերոնք հետ չէին իրենց ուժերով: Սակայն այդ տխրությունը Հռիփսիմեն իր հաղթանակով մեղմեց: Շատ կցանկանայի Օլիմպիական խաղերում տեսնել ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանին: Ցավում եմ, որ նա չկար այս Խաղերում: Տիգրանը լավ մարդ է, բարի անձնավորություն: Նրա հետ ընկերական ջերմ հարաբերություններ ունեմ:  Բայց պետք չէ պարտությունն այդքան ցավագին ընդունել: Ի՞նչ կարող ես անել։ Սա սպորտ է եւ սպորտում ամեն ինչ պատահում է:

Լոնդոնի Օլիմպիական խաղերում մեր օլիմպիականների ձախողումները հիմնականում վերագրում են հոգեբանորեն անպատրաստ լինելու հետ: Համամի՞տ ես այս մտքի հետ։ Ի՞նչ տեղ ես տալիս մարզիկի հոգեբանական պատրաստականությանը: 

Սպորտը ոչ միայն տեխնիկա է, ուժ է, այլեւ հոգեբանություն: Կարող է մարզիկը ֆիզիկապես լիարժեք պատրաստ լինել, հիանալի մարզավիճակում լինել, բայց  հոգեպես թույլ լինի եւ պարտություն կրի: Պարտությունների պատճառները, հիմնականում, հոգեպես անպատրաստ լինելուց են: Մրցագորգում ոչ մի մարզիկ իրեն վստահ չի զգա, եթե հոգեբանորեն պատրաստ չլինի: Սպորտում ամեն ինչ պետք է հավասարակշռված լինի եւ միմյանց հետ կապակցված. պետք է ուժեղ լինես եւ հոգեբանորեն պատրաստված մենամարտիդ: Այս երկու կարեւոր գործոնները փոխկապակցված են

Մենք ունեցանք օլիմպիական փոխչեմպիոն: Արսեն Ջուլֆալակյանի մասին ի՞նչ կասես:

Արսեն Ջուլֆալակյանին անձամբ չեմ ճանաչում: Նրա մասին միայն լավն եմ լսել: Հանդիպել ենք ընդամենը մի քանի անգամ: Բայց նրա գոտեմարտերին փորձում եմ հետեւել: Նա հրաշալի մարզիկ է, հրաշալի ըմբիշ: Այնպես որ, կցանկանայի Արսենի պես մարզիկներ շատ ունենայինք:

Հայ մարզիկներից բոլորի գործունեությանը հետեւում եմ: Նրանց արդյունքներով եւ պարտություններով ուրախանում եւ տխրում եմ: Բայց շփում, ցավոք, այդքան չունեմ, որովհետեւ տարածությունը թույլ չի տալիս: Շատ կցանկանայի բոլորին լավ ճանաչել: Բայց քչերի հետ եմ հասցնում ընկերություն անել, այն էլ՝ միայն Հայաստանում եղած ժամանակ:

Ի՞նչ գնահատական կտաս Լոնդոնում պարտություն կրած մեր միակ օլիմպիական բռցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանի հնարավորություններին:

Անդրանիկին շատ լավ եմ ճանաչում: Մենք միասին մարզվել ենք: Մտերիմ ենք: Նա լայն հնարավորությունների տեր բռնցքամարտիկ է, ունի լավ տեխնիկա: Ամենակարեւորը՝ լավ մարդ է:

Որպես պրոֆեսիոնալ բռցնքամարտիկ ի՞նչ կարեւորություն ես տալիս Օլիմպիական խաղերին:

Սա ուժեղագույնների մրցահարթակն է: Յուրաքանչյուր մարզիկ կյանքի ընթացքում պետք է ձգտի դառնալ Օլիմպիական խաղերի մասնակից, իր ուժերը փորձի աշխարհի տարբեր երկրների մարզիկների հետ: Պետք է ուժեղագույնների շարքում լինես: Օլիմպիական խաղերը երբեք չեն զիջի որեւէ այլ բարձր կագի մրցաշարի. Օլիմպիական խաղերը մնում են Օլիմպիական խաղեր: Չկա մի մարզիկ, որ ցանկություն չունենա մասնակցել Օլիմպիական խաղերին:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով