23:57  ,  6 սեպտեմբերի, 2018

Մարկոս Պիզելի. Գիտեինք, որ հեշտ չի լինելու

Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին ամփոփել է Լիխտենշտեյնի թիմի դեմ 2:1 հաշվով հաղթանակը Ազգերի լիգայի առաջին տուրի խաղում:

«Մենք գիտեինք, որ հեշտ չի լինելու: Հեշտ խաղ չկա: Կարող էր խաղն ավարտվել ավելի խոշոր հաշվով՝ տուգանայինը չմտավ, ես մի հարվածքս չիրացրեցի: Բայց ամենակարեւորն այն էր, որ Ազգերի լիգայի առաջին խաղում հաղթեցինք: Շատ ուրախ եմ, որ առաջին խաղում մենք հաղթեցինք:

Ես ինձ շատ լավ եմ զգում, երեւի հավաքականի տարիքովներից եմ, բայց դա ոչինչ չի փոխում ինձ համար: Ես ամեն ինչ անում եմ, որ կարողանամ պահել իմ ֆիզիկականը, ակումբում էլ եմ հանդես գալիս, Հայաստանի հավաքականին էլ եմ կարողանում օգնել: Կարեւոր այն է, որ ես զգում եմ, դեռ կարողանում եմ 100 տոկոս տալ, օգնել հավաքականին: Երբ զգամ, որ մտնում եմ դաշտ, չեմ կարողանում 100 տոկոս տալ, կավարտեմ կարիերաս:

Գոհ եմ այսօրվա իմ խաղից: Մինասյանը որոշեց հենց այս սխեմայով խաղալ, քանի որ ըստ մարզիչի, Լիխտենշտեյնը պետք է հիմնականում պաշտպանվեր: Հենոյի հետ շատ լավ խաղ ստացվեց, գնդակը լավ դիրքից ընդունեցի ու սիրուն մտավ Լիխտենշտեյնի դարպասը:

Ես այսօր մեր հավաքականում նոր դիրքում էի՝ կենտրոնական հարձակվողի, բայց ինձ համար այս դիրքում խաղալը նորություն չէր. Ղազախստանում հենց այս դիրքում եմ խաղում: Բացի այդ Վարդան Մինասյանն ինձ ազատ դիրք է տալիս, որ կարող եմ առաջ էլ շարժվել, հետ դիրք էլ ընդունել: Այս դիրքում ես ինձ լավ եմ զգում: Այսօր Հենրիխ Մխիթարյանի հետ լավ խաղ ստացվեց:

Մենք թույլ չենք խաղում, Մինասյանի հետ դեռ չենք քննարկել մեր հաջորդ խաղի՝ Մակեդոնիայի դեմ խաղի մասին, չգիտեմ ինչպես կլինի»,- նշեց Մարկոս Պիզելին:

Ազգերի լիգա, D դիվիզիոն

Չորրորդ խումբ, առաջին տուր

Հայաստան – Լիխտենշտեյն՝ 2:1 (տեսանյութ)

Մարկոս Պիզելի, 30, Տիգրան Բարսեղյան, 76 – Սանդրո Վոլֆինգեր, 33

Հեռացում՝ Միչելե Պոլվերինո, 75 (Լիխտենշտեյն)

Հայաստան. Արամ Հայրապետյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Արմեն Մանուչարյան (Արտակ Եդիգարյան, 42), Հովհաննես Համբարձումյան, Գոռ Մալաքյան, Կառլեն Մկրտչյան, Իվան Յագան (Տիգրան Բարսեղյան, 55), Արաս Օզբիլիս (Գեւորգ Ղազարյան, 83), Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս