02:00  ,  26 օգոստոսի, 2018

«Սինքֆիլդի գավաթ». Լեւոն Արոնյանը շարունակում է ոչ ոքիների շարքը

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով միավորը կիսեց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Պարտիան ավարտվեց 56-րդ քայլում: Դա հայկական շախմատի առաջատարի 6-րդ անընդմեջ ոչ ոքին էր այս մրցաշարում:

7-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի: 

Նախորդ 6 տուրերում Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, ինչպես նաեւ ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Հայ գրոսմայստերն ունի 4 միավոր եւ բաժանում է 2-5-րդ տեղերը, իսկ միանձնյա առաջատարը 4.5 միավոր հավաքած Ֆաբիանո Կարուանան է, որն այս տուրում սեւերով ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ:

Օգոստոսի 26-ին կայանալիք նախավերջին տուրում Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով ուժերը կչափի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Հիշեցնենք, որ «Սինքֆիլդի գավաթը» Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է:

«Սինքֆիլդի գավաթ», 7-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)` 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում