18:39  ,  9 օգոստոսի, 2012

Հաջիմուրադ Նուրմագոմեդով. Հույս ունեմ, որ կկարողանամ ուրախացնել հայերին

«Ցանկանում եմ, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես հիմա կա. ընտանիքս լինի առողջ, իմ կողքին։ Իսկ մնացած ամեն ինչ երկրորդական է։ Պարզ է, որ հիմա գլխավոր նպատակս Օլիմպիական խաղերում հաղթելն է։ Իսկ եթե ինչ-որ բան չստացվի՝ դրանից ողբերգություն չեմ սարքի։ Կյանքը դրանից կանգ չի առնի»։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ 84 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմագոմեդովը։

Դաղստանցի ըմբիշն արդեն երկու տարի հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում։ Օգոստոսի 11-ին Հաջիմուրադ Նուրմագոմեդովը դուրս կգա օլիմպիական մրցագորգ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն օգոստոսի 8-ին մեկնեց Լոնդոն։

Հաջիմուրադ, ինչպե՞ս ես տրամադրված քո առաջին Օլիմպիական խաղերին։

Շատ լավ տրամադրություն ունեմ, մարտական եմ տրամադրված։ Կարեւորն այն է, որ լավ հանդես գալու հսկայական ցանկություն ունեմ։ Այս Խաղերն ինձ համար ասես ազարտ լինեն։ Եթե բախտս բերի, ապա կհաղթեմ. ազարտն է մեջս խոսում։ Հույս ունեմ, որ կկարողանամ ուրախացնել հայերին։

Ի՞նչպես ստացվեց, որ հայտնվեցիր Հայաստանի հավաքականի կազմում։

Ես արդեն 25 տարեկան եմ։ 12 տարի զբաղվում եմ ըմբշամարտով։ Առաջին քայլերս այս մարզաձեւում արել եմ Մախաչկալայում։ Փորձեցի ընդգրկվել Ռուսաստանի հավաքականի կազմում, բայց չստացվեց։ Տվյալներս չհամապատասխանեցին։ Մախաչկալայում սովորածս բավարար չէր Ռուսաստանի հավաքական ընդգրկվելու համար։ Որոշ ժամանակ անց առաջարկ ստացա Հայաստանից։ Ընդունեցի առաջարկն ու ընդգրկվեցի Հայաստանի հավաքականում։ Սկզբում քիչ ժամանակով էի լինում այստեղ, քանի որ ընտանիքս Մախաչկալայում էր։ Օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո հավաքներին եւ մարզումներին մասնակցելու համար տեղափոխվեցի Հայաստան։

Ի՞նչ գնահատական կտաս քո մարզավիճակին եւ քո հնարավորություններին։

Հնարավորություններ ունեմ։ Կարծում եմ՝ ուժերս  քիչ չեն։ Ամեն ինչ կախված է վիճակահանությունից։ Երբեք չեմ ասում, որ ինձ հավասարը չկա, կամ ինձնից ուժեղը չկա, ամեն ինչ կախված է բախտից ու հաջողությունից։ Ես ինքս վստահ եմ իմ ուժերի վրա, ես վստահ եմ, որ կարող եմ հաջողության հասնել, միայն թե բախտն ինձ հետ լինի։

Իսկ ինքդ քեզ առաջատար համարո՞ւմ ես քո քաշային կարգում։

Առաջատար ինձ չեմ համարում։ Բայց գտնում եմ, որ պակաս չեմ որեւէ մեկից իմ ուժերով։

Ի՞նչ ես մտածում գոտեմարտի ժամանակ։

Մտածում եմ լավ արդյունքով ավարտել գոտեմարտս եւ հաղթանակով վերադառնալ ընտանիք։ Մտածում եմ, որ պետք է անպայման հաղթեմ, որ կինս ու երեխաս շարունակեն հպարտանալ ինձանով։ Ես երբեք չեմ ձգտում ինձ համար հաղթանակ բերել, կամ ինձ համար որեւէ արդյունքի հասնել։ Այդ ամենն անում եմ միայն ընտանիքիս համար։ Որպեսզի կինս եւ դուստրս ոչ մի խնդիր չունենան, ոչնչի պակաս չունենան։

Գոտեմարտի ժամանակ մտածում եմ նաեւ ինձանից ակնկալիք ունեցող իմ մարզիչների մասին, այն մարդկանց մասին, ովքեր հույսեր են կապում ինձ հետ։ Մտածում եմ արդարացնել բոլորի սպասելիքները։

Կարծում եմ՝ յուրաքանչյուր նորմալ ըմբիշ իր գոտեմարտի ժամանակ պետք է մտածի իր հարազատների մասին։ Հաղթանակն ինձ համար այդքան էլ մեծ ուրախություն չէ. ուրախանում եմ միայն այն բանի համար, որ ինչ-որ մեկի ակնկալիքներն եմ արդարացնում այդ իմ հաղթանակով։

Խոսեցիր ընտանիքիդ՝ կնոջդ եւ աղջկադ մասին։ Դժվա՞ր է առանց նրանց։

Դժվար է, բայց արդեն համակերպվել եմ։ Կարոտում եմ, բայց համակերպվել եմ այդ կարոտին։ Այդպես է պետք։ Դուստրս արդեն 2 տարեկան է։ Նրա մասին եմ ամենաշատը մտածում։ Նա է ինձ ոգեշնչում։

Իսկ դու կցանկանաս, որ երեխաներդ շարունակեն քո մասնագիտությունը։

Չեմ ցանկանա, որ երեխաներս նույն տանջանքների միջով անցնեն։  Բայց կցանկանամ, որ սպորտով զբաղվեն, քանի որ մարդը սպորտով է մարդ դառնում։

Ի՞նչի մասին ես երազում հիմա։

Երազանք չունեմ։ Ես ավելի շատ ցանկություններով եմ ապրում։ Այս պահին ցանկություն ունեմ հաջող ավարտել Օլիմպիական խաղերը։ Իսկ Խաղերից դուրս, գլխավոր ցանկությունս այն է, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես հիմա կա՝ իմ ընտանիքը լինի առողջ, իմ կողքին։ Իսկ մնացած ամեն ինչ երկրորդական է։ Պարզ է, որ հիմա գլխավոր նպատակս Օլիմպիական խաղերում հաղթելն է։ Եթե ինչ-որ բան չստացվի՝ դրանից ողբերգություն չեմ սարքի։ Կյանքն այդ մի պարտությամբ չի ավարտվի։ Կյանքը շարունակվում է եւ ամենակարեւորն այն է, որ բոլորը ողջ եւ առողջ լինեն։

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով