10:19  ,  9 օգոստոսի, 2012

Քենիայի մայրաքաղաքը 2024թ. Օլիմպիական խաղերի անցկացման հայտ կներկայացնի

Քենիայի մայրաքաղաք Նայրոբին պատրաստվում է 2024թ. Օլիմպիական խաղերի անցկացման հայտ ներկայացնել: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռաիլա Օդինգան, հաղորդում է ВВС-ն:

Միջազգային Օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) 2024թ. Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը կընտրի 2017 թվականին, սակայն հայտերի ընդունման պաշտոնական ժամկետը կավարտվի երկու տարի շուտ: Եթե ՄՕԿ-ն ընտրի Քենիան, ապա Օլիմպիական խաղերն առաջին անգամ կանցկացվեն Աֆրիկա մայրցամաքում:

Հիշեցնենք, որ 2016թ. Օլիմպիական խաղերն առաջին անգամ կանցկացվեն Հարավային Ամերիկայում: 31-րդ ամառային Խաղերը կհյուրընկալի Ռիո դե Ժանեյրոն: 2020թ. Օլիմպիական խաղերն անցկացնելու համար պայքարում են Տոկիոն (Ճապոնիա), Մադրիդը (Իսպանիա) եւ Ստամբուլը (Թուրքիա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում